Մանկավարժական համալսարանի ուսումնական 3-րդ մասնաշենքում ՀՊՄՀ-ի Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական դասընթաց:
Սպիտակի երկրաշարժի 30-ամյակի նախաշեմին կազմակերպված ցուցադրական դասընթացի նպատակն էր տեսական գիտելիքներին զուգահեռ ուսանողներին և բուհի պրոֆեսորադասախոսական կազմին զինել նաև գործնական գիտելիքներով և հմտություններով:
Կենտրոն համայնքի հրշեջ փրկարարական ջոկատի ղեկավարմամբ դասընթացը մեկնարկեց պլանի համաձայն. ապագա մանկավարժների անմիջական մասնակցությամբ ներկայացվեց երկրաշարժից պաշտպանվելու ձևերը, իրականացվեցին տարհանման, հրդեհաշիջման, փրկարարական աշխատանքներ, ցուցաբերվեց առաջին բուժօգնություն:
Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Պերճ Կարապետյանն aspu.am-ի հետ զրույցում ընդգծեց նման ցուցադրական դասընթացների անցկացման կարևորությունը, քանի որ սեյսմիկ գոտում գտնվող մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի պետք է տիրապետի բնածին և տեխնածին աղետներից պաշտպանվելու ձևերին. «Գիտելիքները կնպաստեն ռիսկերի նվազեցմանը թե զոհերի, թե նյութական արժեքների կորուստների համար»,-հավելեց դասախոսը: