ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսումնական գերհագեցած օր՝ միջազգային ամառային դպրոցում
19.08.2017
Ուսումնական գերհագեցած օր՝ միջազգային ամառային դպրոցում

«Ամառային դպրոց-2017» միջազգային ծրագրի մասնակիցների 5-րդ  օրը հագեցած էր դաս-քննարկումներով: 

ՀՊՄՀ-ի Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի ասիստենտ Սերոբ Խաչատրյանը 1 ու կես ժամ տևողությամբ դասախոսության ընթացքում ներկայացրեց ժամանակակից աշխարհում կրթության փոփոխությունները, միտումներն ու առանձնահատկությունները:

«Դասախոսության ընթացքում պարզ դարձավ, որ մանկավարժի գլխավոր առաքելությունը մեր օրերում ոչ թե տեղեկատվության աղբյուր լինելն է, այլ ուղղորդելն ու կողմնորոշվելը: Դաս-քննարկման շնորհիվ նաև մասնագիտական նոր որակներ ձեռք բերեցի»,- aspu.am-ի հետ զրույցում նշեց Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի հայազգի ուսանողուհի Լիլիթ Մովսիսյանը:

Վերջինս նկատեց՝ մանկավարժները պետք է ճկուն լինեն՝ հետ չմնալով աշխարհում կատարվող փոփոխություններից:
Կրթական ոլորտի զարգացմանը զուգընթաց մեծանում է նաև կրթական համակարգում էլեկտրոնային տեխնոլոգիաների ներմուծման կարևորությունը:

Ծրագրի մասնակիցների հաջորդ դաս-քննարկումը հենց այս թեմայով էր, որի ընթացքում ՀՊՄՀ-ի Կրթության բարեփոխումների և որակի վարչության պետ Մկրտիչ Ավագյանն անդրադարձավ համակարգի ներմուծման առավելություններին և թերություններին:

Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի ուսանողուհի Օլգա Պոնոմերյովան aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ Մոսկվայում լայն տարածում չունի ուսուցման էլէկտրոնային համակարգը, այդ իսկ պատճառով հետաքրքիր էր լսել այլ երկրների ուսանողների կարծիքներն այս թեմայով.«Օրվա ընթացքում ներկայացված երկու դասախոսություններն էլ նորույթ էին պարունակում. դրանք հետաքրքիր էին , ուսուցողական: Քննարկումների ընթացքում շատ բան իմացա, որը հուսով եմ հետագայում նաև կկիրառեմ գործնականում»:

Օրվա ուսումնական մասին հաջորդեց Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան ուղևորությունը:

Օտարազգի երիտասարդները շրջեցին ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկում, ծանոթացան այստեղ պահպանվող ձեռագրերին և նմուշներին :

Ուսանողնների այցելությունը Երևան չսահմանափակվեց Մատենադարան կատարած այցով.նրանք հնարավորություն ունեցան 3 ժամ ազատ շրջելու մայրաքաղաքում.«Ձեր երկիրը շատ եմ սիրում.միայն ծովն է պակասում: Այստեղ կատարած շրջայցերի ժամանակ տպավորություն է, որ փողոցներն ուր որ է դեպի ծով կտանեն»,-նշեց Սանկտ Պետերբուրգից ժամանած Եվգենյա Գոնտովան:


Վերջինս վստահ է՝ թեպետ հայերը սփռված են աշխարհով մեկ, սակայն իրական հային ճանաչելու համար պետք է  անպայման Հայաստան այցելել: