ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսումնական հրդեհ` Մանկավարժական համալսարանում
04.09.2019
Ուսումնական հրդեհ` Մանկավարժական համալսարանում

Սեպտեմբերի 4-ը ԱԻՆ-ի աշխատակցի օրն է, որի առիթով  Մանկավարժական համալսարանում կազմակերպվել էին տարբեր միջոցառումներ:

Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի նախաձեռնությամբ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար կազմակերպվել էր սեմինար: Ամբիոնի վարիչ Նարինե Սահակյանը ողջունեց մասնակիցներին և ընդգծեց, որ կազմակերպված ձեռնարկներն ունեն ուսուցողական, ուսումնակրթական  և գործնական նշանակություն: Նրա կարծիքով՝ անցկացվող ուսումնատակտիկական վարժանքները  կնպաստեն արտակարգ իրավիճակներում ուսանողների գրագետ վարվելակերպի դրսևորմանը և կձևավորեն պաշտպանական միջոցներից օգտվելու հմտություններ:

Դասախոս Պերճ Կարապետյանը խոսեց հրդեհի կանխարգելման միջոցների մասին, ներկայացրեց կրակմարիչների տեսակները, դրանց կիրառման ձևերն ու կարևորությունը և հիշեցրեց՝ ավելի վտանգավոր է ծուխը, քան կրակը: Նա խոսեց նաև տարբեր արտակարգ իրավիճակներում տարհանման ձևերի, ճիշտ կողմնորոշվելու հնարքների մասին, իսկ ամբիոնի դոցենտ Աննա Մարգարյանն էլ անդրադարձավ կանխարգելման ուղղությամբ կրթության ոլորտի անելիքներին: Նա վստահեցրեց՝ դեռ փոքր տարիքից երեխաներին պետք է մասնակից դարձնել կանխարգելիչ միջոցառումներին, սովորեցնել տարբեր իրավիճակներում կանխարգելման ձևերն ու միջոցները, ինչի արդյունքում հնարավոր կլինի որոշակիորեն խուսափել մահացության դեպքերից:  

Օրվա խորհուրդն ամփոփվեց ՀՊՄՀ-ի գլխավոր մասնաշենքում. ԱԻՆ-ի Փրկարար ծառայությունն անցկացրեց հատուկ տակտիկական ուսումնավարժանք: Ուսումնավարժությունը մեկնարկեց պլանի համաձայն. մասնաշենքի 4-րդ հարկի լսարաններից մեկում հրդեհ էր, առկա էր հրդեհի տարածման ու ծխապատման վտանգ և անհրաժեշտություն էր առաջացել տարհանել մասնաշենքի ուսանողներին և դասախոսական կազմը: Կար նաև 2 տուժած. նրանք ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ:

Կարճ ժամանակ անց մասնաշենքի բակում էին արտակարգ իրավիճակների արձագանքման բաժնի հերթապահ խումբը, բուհի 1-ին օգնության կայանի, անվտանգության աշխատակիցները:

Ուսումնավարժությունն ընթացավ նախատեսված պլանի համաձայն՝ Մանկավարժական համալսարանի գլխավոր մասնաշենքում կատարվեց հրդեհաշիջում, բուհի համապատասխան կազմավորումների օգնությամբ իրականացվեց փրկարարական աշխատանքներ:

Երևանի Փրկարարական վարչության Կենտրոն բաժնի ավագ հրահանգիչ, մայոր Ստեփան Ստեփանյանի կարծիքով, նման վարժանքները ուսումնական հաստատություններում շատ կարևոր են ՝ հաշվի առնելով, թե ինչ աղետավտանգ երկրում ենք ապրում. «Տարեսկզբից նախատեսվում է միջոցառումների պլան, պետք է  անցկացնել ուսումնական վարժանքներ: Փորձը ցույց է տալիս, որ վաղ տարիքից գիտելիքներով զինելն առավել արդյունավետ է»,- aspu.am-ի հետ զրույցում նշեց մայոր Ստեփանյանն ու նկատեց՝ նաև ԱԻն-ի աշխատանքների շնորհիվ հասարակությունն ավելի իրազեկված է արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու հտմություններով:

Նշենք, որ ուսումնավարժանքի նպատակն էր կատարելագործել բուհի աշխատակազմի, ուսանողների` արտակարգ իրավիճակների ժամանակ ազդարարման և տարահանման գործընթացների իրականացման հմտությունները, ինչպես նաև բարձրացնել հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքները ղեկավարող անձանց գործնական հմտությունները: