Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա շրջանակներում Մանկավարժական համալսարանում անցկացվեցին դասախոսություններ, ուսանողական զեկույցներ, հայտարարվեց օդային տագնապ, ուսումնական վարժանքի շրջանակում համալսարանականները տարհանվեցին։
Նպատակը՝ ապագա մանկավարժներին ծանոթացնել քաղպաշտպանության հիմնախնդիրներին, բարձրացնել ճգնաժամային իրավիճակներում նրանց պատրաստվածության մակարդակը:
Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Նարինե Սահակյանն ընդգծում է՝ քաղպաշտապնությունն այսօր կարևորում է աշխարհի բնակչության, այդ թվում՝ երիտասարդների համար։ Այդ համատեքստում ապագա մանկավարժներն ունեն իրենց գործառույթները։
Դասախոս Պերճ Կարապետյանը մանրամասնեց օդային տագնապի ընթացքում գործողությունների պլանը և հորդորեց՝ չմատնվել խուճապի, չտրվել վախին, պահպանել հանգիստ հոգեվիճակ, դիմակայել արհավիրքներին, վստահել հոգեբանական խմբի աջակցությանը։
Վարժանքն ընթացավ նախատեսված պլանի համաձայն՝ Մանկավարժական համալսարանի գլխավոր մասնաշենքում գործարկվեց օդային տագնապն ազդարարող շչակը, կատարվեց տարհանում, տուժածին ցուցաբերվեց առաջին բուժօգնություն։
Վարժանքի գործնական մասին հաջորդեց տեսականը․ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներ Լիլիթ Սարգսյանն ու Սաթենիկ Մնացակյանն իրենց զեկույցներում անդրադարձան քաղպաշտպանության հիմնական միջոցառումներին, ժամանակակից պատերազմի բնութագրիչներին, հակառակորդի հարձակման վտանգի ժամանակ բնակչության գործողություններին, բնակչության պատսպարմանը պաշտպանական կառույցներում և այլն։