ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսումնամեթոդական նոր ձեռնարկ՝ լրագրողների համար
15.06.2022
Ուսումնամեթոդական նոր ձեռնարկ՝ լրագրողների համար

Լույս է տեսել հոգեբանական գիտությունների թեկնածու, ՀՊՄՀ լրագրության ամբիոնի դասախոս, Լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Դիանա Մարկոսյանի՝ «Արտակարգ իրավիճակներում աշխատող լրագրողի սոցիալ-հոգեբանական պատրաստվածության հիմնախնդիրը» ուսումնամեթոդական ձեռնարկը։

Այն նախատեսված է ինչպես բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ լրագրության մասնագիտությամբ ուսումնառողների, այնպես էլ գործող լրագրողների համար։

«ԶԼՄ-ները սոցիալական կառավարման կարևորագույն գործոնի դեր են կատարում,  հատկապես՝ արտակարգ իրավիճակներում։ Շնորհիվ լրատվամիջոցների՝ ցանկացած արտակարգ իրավիճակ կամ տարերային աղետ ձեռք է բերում տեղեկատվական-հաղորդակցական ռեզոնանս, ինչը կարող է կամ խորացնել հետևանքների աղետալիությունը, կամ օգնել զերծ մնալ դեպրեսիայից, ապատիայից: Այսինքն, ԶԼՄ-ն այսօր իրականացնում է սոցիալական ոլորտի յուրատեսակ հոգեթերապիա: Ու հատկապես այսօր, երբ արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվությունը գերակայում է այլ իրադարձությունների լուսաբանման նկատմամբ, դրանով իսկ ձևավորելով զանգվածային գիտակցության հարմարման էֆեկտ աղետների, դրանց անխուսափելիության նկատմամբ: Այդ ամենի արդյունքում՝ հասարակության մոտ արտակարգ իրավիճակներում չի գործում անվտանգ վարքի համարժեք ընկալումը»,-aspu.am-ի հետ զրույցում ընդգծեց Դիանա Մարկոսյանը:

Ըստ հեղինակի, արտակարգ իրավիճակի իրական մակարդակի և տեղեկատվական դաշտում դրա լուսաբանման բնույթի միջև հավասարակշիռ հարաբերակցության բացակայության  պայմաններում, մարդիկ հայտնվում են կրկնակի հոգեբանական ճնշման տակ` անմիջական տվյալ իրավիճակի և լրատվամիջոցներում դրա լուսաբանման․ «ԶԼՄ-ներն, ըստ էության հանդիսանալով հասարակության սոցիալական կարգավորիչ, չեն նպաստում արտակարգ իրավիճակում հասարակության սոցիալ-հոգեբանական կայունությանը և չեն իրականացնում իրենց առաջնային խնդիրներից մեկը` զանգվածային գիտակցության հոգեշտկում»:

Դիանա Մարկոսյանը նկատում է, որ այս հիմնախնդրի պատճառներից մեկը լրագրողների հոգեբանական անբավարար պատրաստվածությունն է, ինչը հավասարապես, կամ առաջին հերթին վնասում է հենց լրագրողին, ապա, նրա միջոցով, նաև հասարակությանը՝ լսարանին։

Հեղինակն այս իմաստով կարևորել է լրագրողների հոգեբանական պատրաստվածությունը, և իր հիմնավորումները ուսումնամեթոդական ձեռնարկում ներկայացրել  գիտափորձի միջոցով, որն իրականացրել է ոչ միայն ՀՀ-ում , այլև Արցախում արտակարգ իրավիճակներում աշխատած լրագրողների շրջանակում։

Ձեռնարկում նաև ներառված է արտակարգ իրավիճակների պայմաններում անվտանգ գործելու մանրամասն ուղեցույց, խորհուրդներ ինչպես արտակարգ, այնպես էլ պատերազմական իրավիճակներում լրագրողի գրագետ գործունեության վերաբերյալ։

Ուսումնամեթոդական ձեռնարկն ընդգրկում է լրագրություն մասնագիտությամբ բակալավրի պատրաստման համար պետական կրթական չափորոշչին համապատասխան «Արտակարգ իրավիճակներում աշխատող լրագրողի սոցիալ-հոգեբանական պատրաստվածություն» դասընթացի առարկայական նկարագիրը, ներկայացված են մեթոդական նյութեր։

Գրախոսները՝ ՀՊՄՀ ռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանն ու Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Վարդանյանն են։

«Մենք ապրում ենք աշխարհագրական և գեոպոլիտիկ այնպիսի պայմաններում, որ արտակարգ իրավիճակները, բնական աղետներն ու պատերազմները անխուսափելի են։  Իսկ հասարակությունը, որը կամա թե ակամա, ենթարկվում է զանգվածային լրատվամիջոցների ազդեցությանը, բավարար մակարդակի սթրեսակայուն չէ։ Հետևաբար, անչափ կարևոր է լրագրողների հոգեբանական բավարար պատրաստվածությունը»,-եզրափակեց Դիանա Մարկոսյանը։