Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները` ռեկտոր Սրբուհի Գևորգյանի գլխավորությամբ, միացան մայիսիննյան ամենամյա երթին։
Այսօր լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 79-րդ տարեդարձը՝ խորհրդանշելով Երկրորդ աշխարհամարտի ավարտը, մեր հայրենակիցների սխրանքով նվաճած փառավոր հաղթանակը ֆաշիզմի դեմ պայքարում։
Բացի այդ, տասնամյակներ շարունակ մայիսի 9-ին հայ ժողովուրդը մեծ շուքով նշում էր նաև Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: 44-օրյա պատերազմը խախտեց եռատոնի խորհուրդը, սակայն ներկայիս սերունդը պատրաստակամ է շարունակել հայ ժողովրդի պատմական երթը, միասնականությամբ պայքարել նոր ձեռքբերումների և հաղթանակներ կերտելու համար։
Աբովյանականները նախ ծաղկեպսակ դրեցին համալսարանի տարածքում գտնվող Արցախյան հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ապա այցելեցին «Հաղթանակի» զբոսայգի:
Նրանք ծաղկեպսակ դրեցին անմար կրակի մոտ և գլուխ խոնարհելով՝ մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը:
Մայիսիննյան երթի մասնակիցները միակարծիք են՝ մայիսը հայ ժողովրդի համար շարունակում է ունենալ յուրահատուկ նշանակություն, իսկ ամեն տարի բուհի կողմից կազմակերպվող բազմամարդ երթը առիթ է արժևորելու զոհված հայորդիների սխրանքը, կրկնելու նրանց փառավոր հաղթանակները և վերականգնելու ամուր պետություն կառուցելու համազգային մղումը։