ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վարպետաց դաս՝ Ինեսսա Հարությունյանից
08.05.2025
Վարպետաց դաս՝ Ինեսսա Հարությունյանից

«Լսողության վերականգնում․ ռազմավարություն և գործնական մոտեցումներ» խորագրով վարպետաց դաս այսօր անցկացվեց Մանկավարժական համալսարանում։

Ձեռնարկի նպատակն էր լոգոպեդներին, սուրդոմանկավարժներին, հատուկ մանկավարժներին, հոգեբաններին, բժշկական ոլորտում աշխատող մասնագետներին, ինչպես նաև ծնողներին ներկայացնել լավագույն փորձի օրինակներ, փոխանցել լսողության վերականգնման գործում նոր մոտեցումներ, զինել գործնական խորհուրդներով՝ աշխատանքում դրանք կիրառելու համար։

ՀՊՄՀ-ի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը կարևորեց ներկաների մասնակցությունը՝ ընդգծելով՝ դրանով կարևորվում են իրենց մասնագիտական զարգացումը։

Մարիաննա Հարությունյանը կարծում է, որ յուրաքանչյուրը պետք է աշխատի իր անձի զարգացման վրա, միաժամանակ մտածելով նաև իր պիտանելիության մասին՝ որպես մասնագետ։ Ասում է՝ մեր երկրին պետք են բանիմաց մասնագետներ․ անելիքները շատ են, իսկ բուհը գիտակցում այդ կարևոր գործում իր առաքելությունը․ «Մենք շատ խոցելի և կարևոր ոլորտի ներկայացուցիչներ ենք․մեր երեխաները չեն սպասում և նրանց այսօր ու հիմա է պետք աջակցություն, ծառայությունների մատուցում, մասնագետի խորհրդատվություն։ Վստահ եմ՝ ներկաներից շատերը, որ ոլորտի մասնագետներ են, իրենց համար ծանոթ աշխարհում նոր բացահայտումներ կունենան, շատերն էլ գուցե բացահայտեն նոր աշխարհ»։

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան Գոհար Հովյանը նշեց՝ սա թվով 3-րդ վարպետաց դասն է, որն անցկացնում է պրոֆեսորադասախոսական կազմը։ Պրոֆեսոր Հովյանը նկատում է՝ ներկայումս որքան էլ կարևորեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների դաստիարակության, զարգացման հարցը, իրենք մնում են շտկող, կանխարգելող, զարգացնող մասնագետներ։

Գոհար Հովյանը վստահ է՝ նմանօրինակ վերապատրաստումների միջոցով զարգացման առանձնահատկությունների վերաբերյալ խոցելի խմբերի հետ կապված հարցերը պետք է բարձրաձայնել, որ կարողանան հաղթահարել ցանկացած դժվարություն։

Ինտերակտիվ վարպետաց դասն անցկացրեց ՀՊՄՀ-ի Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Ինեսսա Հարությունյանը։ Նա հույս հայտնեց, որ մասնակիցները կստանան նոր էմոցիաներ, ձեռք կբերեն գիտելիքներ և դրանք կկիրառեն աշխատանքային պրակտիկայում։

Բանախոսը ներկայացրեց վիճակագրություն․ Հայաստանում 1000 նորածնից 1 ունի խլություն, երբ հնարավոր չէ ընկալել խոսքը․ իրենց աշխատանքը միտված է նրան, որ երեխաները կարողանան լսել, վայելել և ըմոշխնել սեփական լսողությունը։ Ներկաներին հորդորեց գնահատել այն, ինչ ունեն, պահպանել առողջությունը, այս դեպքում՝ լսողությունը․«Եթե հայտնաբերվում է լսողության խնդիր, ապա պետք է հնարավորինս շուտ կատարել վաղ ախտորոշում, ուղղորդել և արագ սկսել վերականգնողական աշխատանքներ»,-նշեց Ինեսսա Հարությունյանը։

Խխունջային ներպատվաստումն ու դրա թիրախային խումբը, լսողական ուղիների զարգացման առանձնահատկությունները, վաղ ախտորոշման կարևորությունը լսողական վերականգնման գործընթացում, վերականգնման փուլերն ու մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող մասնագետների դերը․ սրանք տեսական մասում ներկայացված հիմնական թեմաներին էին։

Ինտերակտիվ վարպետաց դասի գործնական մասում ներկայացվեցին վիրահատությունից հետո լսողության և խոսքի զարգացմանը միտված հիմնական մեթոդներն ու գործիքակազմը, վարժություններ, խաղեր, միջավայրի կազմակերպում, լսողական թրեյնինգի կոնկրետ մեթոդներ, երկարաժամկետ աշխատանքում հաջողության հիմնական գրավականների բացահայտում և այլն։

Վարպետաց դասին ներկա էին նաև ի ծնե լսողության խանգարումներ ունեցող, բայց փոքր տարիքում վիրահատված երեխաներ, որոնք սեփական օրինակով ներկայացրին իրենց հաջող փորձը, խոսքի զարգացման մակարդակը։ Քննարկվեցին առաջացած դժվարությունները, եղավ հարց ու պատասխան, անհատական աշխատանքների համար խորհրդատվություն, ինչպես նաև ներկայացվեցին առցանց ռեսուրսները, շարունակական ուսուցման հարթակները։