ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վարպետաց դասեր՝ ռուս գործընկերներից
14.11.2019
Վարպետաց դասեր՝ ռուս գործընկերներից

Մանկավարժական համալսարանում են Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի ներկայացուցիչները:

Այցի առաջին օրը ռուս գործընկերներն անցկացրին ՀՀ-ում ռուսաց լեզվով կրթական գործունեություն իրականացնող մանկավարժության ոլորտի ներկայացուցիչների միջազգային մրցույթ: Մրցույթին մանակցեց հանրակրթական դպրոցների 54 ուսուցիչ. նրանք տեսանյութերով ներկայացրին հատվածներ իրենց անցկացրած դասերից: 

Ուսուցիչների աշխատանքները գնահատում էր 3 բուհերի՝ Մանկավարժական, Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական և Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանների ներկայացուցիչներից կազմված ժյուրին. 54 տեսանյութից եզրափակիչ անցան 8, իսկ հաղթող ճանաչվեց 3 տեսանյութ:

Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի ներկայացուցիչները, որոնք արդեն երկրորդ անգամ են Մանկավարժական համալսարանում, Օտար լեզուների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և դպրոցների ուսուցիչների համար անցկացրին վարպետաց դասեր:

Նաիրա Դալյանը ողջունեց ձեռնարկի մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով ռուս գերծընկերներին՝ հավելեց, որ վարպետաց դասերն ու դասախոսությունները հնարավորություն կտան նորովի ծանոթանալ ժամանակակից ռուս արձակ և չափածո գրականությանը, մշակույթին:

«Ձեզ հետ յուրաքանչյուր հանդիպում մեծ բավականություն է պատճառում. մասնագիտական շփումները, հաղորդակցումը գործընկերների հետ առաջ գնալու նոր շարժառիթ է դառնում, ինչպես նաև ապահովում նոր հանդիպումների հարթակ»,-նշեց Ռուսաստանի պետական հումանիտար ինստիտուտի Լեզվաբանության ինստիտուտի տնօրեն Իգոր Իսաևը:

Վերջինս Օտար լեզուների ֆակուլտետի դասախոսների և հանրապետության տարբեր դպրոցների ռուսաց լեզվի և գրականության մասնագետների հետ զրույց-քննարկման ընթացքում անդրադարձավ ժամանակակից ռուսաց լեզվին՝ «ռեպ» երաժշտական ուղղվածությունում, խոսեց լեզվի խնդիրների և դասավանդման մեթոդիկայի ընդհանուր հարցերի մասին:

Պրոֆեսոր Յուրի Դոմանսկին «Ռուսական ժամանակակից արձակը» խորագրով դասախոսության ընթացքում անդրադարձավ անցյալ դարի արձակի երկու հայտնի ուղղություններին՝ պատմական վեպի և գիտական ֆանտաստիկայի ժանրերին: Նա խոսեց նաև մասսայական և էլիտար, հակախորհրդային բնույթի արձակ էջերի մասին՝ հասնելով մինչև 21-րդ դարի ռուսական գրականության մեջ հայտնի ու մեծ ճանաչում ունեցող ժամանակակից արձակագիրների ստեղծագործություններին:

Հանդիպումն ամփոփվեց «Ռուսաց լեզուն և ռուսալեզու կրթությունը Հայաստանում» թեմայով կլոր սեղան-քննարկմամբ, որի ընթացքում քննարկվեցին դպրոցներում և բուհերում ռուսաց լեզվի դասավանդման , ինչպես նաև լեզվաբանության տարբեր խնդիրներ: