ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վերապատրաստում՝ մեդիագրագիտության շրջանակներում
08.11.2022
Վերապատրաստում՝ մեդիագրագիտության շրջանակներում

Մանկավարժական համալսարանը «ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալ»-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ «Մեդիագրագիտություն» թեմայի շրջանակներում իրականացնում է վերապատրաստման դասընթաց։

Վերապատրաստումներն անցկացնում են Մանկավարժության ամբիոնի դոցենտներ Լուսինե Պողոսյանն ու Գայանե Հարությունյանը, մասնակցում են պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչներ: 

Ինտերակտիվ վերապատրաստման դասընթացի շրջանակներում քննարկվեցին մեդիային, մեդիագրագիտությանը, քննադատական մտածողությանը, անձնական տվյալների գաղտնիությանը վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ եղավ նաև ապատեղեկատվությանը, քարոզչությանը, փաստերի ստուգման գործիքներին։ 

Վերապատրաստվողները խաղացին նաև «Մեդիագիտակ» խաղը, որը խթանում է մեդիայի վերաբերյալ համակարգված գիտելիքների ձեռքբերմանը, համապատասխան կարողությունների և հմտությունների ձևավորմանը նպաստող, քննադատական մտածողությանը։

Կիրառեցին նաև սեղանի խաղը, որը ստեղծվել է «Մեծահասակների հզորացում մեդիագրագիտությամբ» ծրագրի շրջանակում՝ ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի և Հանրային լրագրության ակումբի ջանքերով, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։

Դասընթացի շրջանակներում ցուցադրվեց նաև մարդկանց վրա մեդիայի ազդեցության վերաբերյալ գիտելիքների ողջ պաշարը ամփոփող «Վստահիր ինձ» ֆիլմը։

Նշենք, որ դասընթացի ավարտին վերապատրաստվողները պետք է լրացնեն «Մեդիագրագիտության խաչբառը» և ներկայացնեն մասնագիտական գործունեության շրջանակներում քննարկվող թեմաների կիրառականությունը փաստող անհատական աշխատանքներ։ Վերապատրաստման 6 հանդիպումներին մասնակցած մասնակիցները ակտիվորեն ներգրավված կլինեն ողջ ընթացքին, կկատարեն նախատեսվող առաջադրանքները և կստանան հավաստագրեր։