ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վերապատրաստում՝ թանգարանային ճապոնական և միջազգային փորձի վերաբերյալ
26.12.2018
Վերապատրաստում՝ թանգարանային ճապոնական և միջազգային փորձի վերաբերյալ

Սեպտեմբերի 24-ից դեկտեմբերի 15-ը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից անցկացվեց «Թանգարանները և համայնքային զարգացումը» թեմայով մասնագիտական ծրագիր:

Ծրագրին Հայաստանից մասնակցում էր Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Դավիթ Պողոսյանը։

Հայաստանի, Էկվադորի, Ֆիջիի, Յամայկայի, Սուդանի, Սողոմոնյան կզղիների, Թուրքիայի, Պապուա Նոր Գվինեայի, Զամբիայի, Հորդանանի ներկայացուցիչները ծրագրի ընթացքում դասախոսությունների, քննարկումների, հետազոտական այցերի, զեկուցումների, պրակտիկ վարժանքների, հանդիպումների միջոցովծանոթացան թագարանային գործում, բնության և պատմամշակութային ժառանգության պահպանության ոլորտում ճապոնական հարուստ փորձին ու մոտեցումներին։

Դասընթացը կազմակերպվել է ճապոնական տարբեր քաղաքների թանգարաններում, գիտահետազոտական, կրթական, համայնքային կենտրոններում տեղում աշխատող մասնագետների, գիտնականների, դասախոսների կողմից: Մասնակիցներն հնարավորություն ունեցան շփվել տեղի բնակչության հետ, ծանոթանալ ճապոնական հարուստ մշակույթին, ավանդույթներին և յուրօրինակ մտածողությանը։

Ծրագրի ընթացքում նախատեսված 4 զեկուցումների ընթացքում Դավիթ Պողոսյանը թանգարանային ոլորտի մասնագետների, լայն հանրության համար զեկուցումներ է ներկայացրել ՀՀ պատմամշակութային ժառանգության, թանգարանների վերաբերյալ, ինչպես նաև հետազոտական նյութեր պատրաստել ծրագրի արդյունքում տպագրվող ամենամյա տեղեկագրի համար։ www.aspu.am-ի հետ զրույցում Դավիթ Պողոսյանն ընդգծեց, որ ծրագրին մասնակցությունը կարևորվում է հատկապես միջազգային փորձի ճապոնական տեղայնացման ավանդույթների հետ ծանոթացման առումով. «Դա արդիական է մեզանում նոր սերնդի թանգարանային և ժառանգության ոլորտի մասնագետների պատրաստման համար։ Այս առումով ձեռք բերված նյութերը և տեղեկատվությունը նախատեսվում է ներդնել ՀՊՄՀ-ի Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի կողմից կազմակերպվող թանգարանագիտական կրթության և դասավանդման գործընթացում»,-հավելեց դոցենտ Պողոսյանը։