Նոյեմբերի 11-12-ը տարբեր դպրոցների ուսուցիչներ Մանկավարժական համալսարանում մասնակցեցին «Համագործակցային և նախագծային ուսուցման առանձնահատկությունները» թեմայով վերապատրաստմանը:
Այն անցկացվում էր Շվեյցարիայի Ցյուրիխի մանկավարժական համալսարանի հետ համագործակցության՝ «Ավելի լավ դասավանդում, ավելի պայծառ ապագայի համար» (Better Teaching for Better Future) ծրագրի շրջանակներում։
ՀՊՄՀ-ն Շվեյցարիայի Ցյուրիխի մանկավարժական համալսարանի հետ համագործակցում է շուրջ երկու տարի։ BTBF ծրագրի շրջանակներում մշակվել են դասագիրք-ուղեցույցներ՝ ուսուցիչների, դասախոսների և ուսանողների վերապատրաստումների համար։ Դրանք համահունչ են մեր երկրում տեղի ունեցող հանրակրթական ոլորտի բարեփոխումներին և նոր ներդրված չափորոշիչներին:
ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային հարցերով պրոռեկտեր Մարիաննա Հարությունյանը նկատում է՝ նախագծային ուսուցումն իբրև նոր երևույթ մի շարք հարցեր է առաջացնում ուսուցիչների շրջանում։
Պրոռեկտորը հավելում է՝ վերապատրաստման թեմայի ընտրությունը պայմանավորված է վերջին շրջանի կրթական բարեփոխումներով։ Ըստ այդմ, նախագծային ուսուցումը սահմանվում է իբրև սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունք․«Մանկավարժական համալսարանը, հավատարիմ ուսուցչի կողքին լինելու իր առաքելությանը, նախաձեռնել էր վերապատրաստումը՝ հնարավորինս պարզաբանելու ուսուցիչներին հուզող հարցերը, ուղղորդելու թեմաների ընտրության և նախագծի իրականացման հարցում»։
Մարիաննա Հարությունյանը լիահույս է, որ երկօրյա հանդիպումներից հետո ուսուցիչները, զինված նոր գիտելիքներով և հմտություններով, դասապրոցեսում կկիրառեն ծրագրի շրջանակում նախատեսված նախագիծը։
Նշենք, որ «Ավելի լավ դասավանդում, ավելի պայծառ ապագայի համար» (Better Teaching for Better Future) ծրագիրը շարունակական է․հաջորդ վերապատրաստումը կլինի նոյեմբերի 25-26-ին։ Ծրագրի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերին։
Ծրագրի շրջանակներում կմեկնարկեն նաև նոր վերապատրաստումներ՝ նախատեսված դպրոցի տնօրենների համար։