ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վերապատրաստումներ Մանկավարժական համալսարանում
08.08.2019
Վերապատրաստումներ Մանկավարժական համալսարանում

«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի շրջանակում Մանկավարժական համալսարանում մեկնարկել են ՀՀ կենտրոնական բանկի և ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ անցկացվող վերապատրաստումները:

Oգոստոսի 21-ից կմեկնարկի դասվարների, մաթեմատիկայի և հասարակագիտության ուսուցիչների վերապատրաստումը բոլոր մարզերում և Երևանում: Այս տարի Մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ նախատեսված է վերապատրաստել 360 դպրոցից մոտ 3000 ուսուցիչ:

Ծրագիրը նպատակ ունի սովորողների մոտ զարգացնել անձնական ֆինանսների վերաբերյալ պատասխանատու որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ ունակություններ՝ ինտեգրելով ֆինանսական տարրեր «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաներում: Օրինակ՝ Մաթեմատիկայի դասընթացում 5-6-րդ դասարաններում տոկոսներ հաշվելուն զուգընթաց խնդիրների, գործնական, նախագծային և հետազոտական աշխատանքների միջոցով ուսուցիչները սովորողների հետ քննարկելու են նաև ֆինանսական տարբեր իրադրություններ: Վերջիններս կարող են լինել շատ բազմազան և հիմնականում ընդգրկում են 7 թեմատիկ ոլորտներ՝ տնտեսություն, բյուջե, խնայողություններ, պարտք, գնումներ, իրավունքներ, անվտանգություն:

«2015 թվականից իրականացվող այս ծրագիրը ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ռազմավարության կարևորագույն ծրագիրն է և անցել է տարբեր փուլերով. 2015 թ-ին, միջազգային փորձը հաշվի առնելով, ստեղծվել է սովորողների ֆինանսական կոմպետենցիաների մատրիցը, որից հետո 1012 փորձագետներից բաղկացած աշխատանքային խումբը մշակել է նշված առարկաների համար չափորոշիչները, ծրագրերը և ուսուցիչների մեթոդական ձեռնարկները: 2017-2018 ուսումնական տարում ծրագիրը հաջողությամբ փորձարկվել է և 2018-ի սեպտեմբերից ներդրվել է 346 դպրոցներում՝ վերապատրաստելով 2532 ուսուցիչ»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի մասնագետ և ծրագրի համակարգող Արթուր Փոքրիկյանն ու հավելեց, որ այս տարի ուսուցիչների վերապատրաստման 2-րդ փուլի արդյունքում կրկնակի շատ սովորողներ կներառվեն ծրագրում:

Ծրագրի փորձարկման ընթացքում իրականացված ֆոկուս խմբերը ցույց են տալիս նաև, որ ֆինանսական ունակությունները զարգանում են ոչ միայն աշակերտների, այլ նաև նրանց ծնողների և ուսուցիչների մոտ:

Նշենք, որ ծրագրի ուսուցիչների վերապատրաստումները մարզերում և Երևանում իրականացվում են շուրջ 90 ֆինանսական և մեթոդական թրեյներների կողմից։ Այս տարի թրեյներների շարքերը համալրել են նաև Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից, ինչը կրկնակի կարևոր է՝ հաշվի առնելով համալսարանի դերը մանկավարժներ պատրաստելու գործում։