ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վերապատրաստումներ` «Շախմատը նախադպրոցական հաստատություններում»
15.06.2021
Վերապատրաստումներ` «Շախմատը նախադպրոցական հաստատություններում»

ՀՊՄՀ Շախմատ գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է 6-շաբաթյա վերապատրաստման դասընթաց:

«Շախմատը նախադպրոցական հաստատություններում» խորագրով վերապատրաստման նպատակն է շախմատային նախագիտելիքները ներդնել երեխաների հետ տարվող աշխատանքներում, նպաստել 5-6 տարեկան երեխաների շախմատային նախագիտելիքի ներմուծումը բոլոր մեթոդիկաներից կազմակերպվող աշխատանքներում:

«Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սմբատ Լպուտյանը ողջունեց վերապատրաստվող մանկավարժներին և նկատեց` վերջին ժամանակներում բազմաթիվ երկրներ շախմատը ներառել են կրթական համակարգ`սկսելով նախադպրոցական տարիքից, ապա դպրոց և բուհ:
«Աշխարհի 152 երկիր հետարքրված է շախմատը կրթական համակարգ ներառելով: ՖԻԴԵ-ի և Շախմատ գիտահետազոտական կենտրոնի ջանքերով և այս վերապատրաստման շնորհիվ ակնկալում ենք մասնակիցներին զինել անհրաժեշտ գիտելիքներով ու մեթոդներով»,-նշեց Սմբատ Լպուտյանն ու արդյունավետ աշխատանք մաղթեց մասնակիցներին:

Այս փուլում կվերապատրաստվի նախադպրոցական 3 ուսումնական հաստատության 14 մանկավարժ: Վերապատրաստման առաջին օրը վերջիններս ներկայացրին իմաստուն խաղի վերաբերյալ իրենց գիտելիքները, աշխատանքի վերաբերյալ պատկերացումները, հանդես եկան առաջարկներով:

Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի դասախոս Մարիաննա Ամիրաղյանն այն կարծիքին է, որ մանկավարժների վերապատրաստումը հնարավորություն կտա բարձրացնել երեխաների հետ տարվող աշխատանքների որակը, վերանայել դրանց բովանդակությունը, ներմուծել նոր տարրեր:

Վերապատրաստվող խմբի անդամները վստահ են, որ շախմատային նախագիտելիքները նախադպրոցականի հետ տարվող աշխատանքներում ներմուծելը միտված է մտածող և ինքնուրույն մտածողություն ունեցող սերնդի զարգացմանը և հույս հայտնեցին, որ այն կլինի արդյունավետ ու շարունակական: