ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վերապատրաստումների կազմակերպումը՝ նաև օրենքի պահանջ
12.01.2018
Վերապատրաստումների կազմակերպումը՝ նաև օրենքի պահանջ

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն այսօր հավաստագրեր հանձնեց Բանասիրական ֆակուլտետի Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի, Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի և Արարատ Ղարիբյանի անվան հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնների 21 դասախոսի:

Վերջիններս դեկտեմբերի 11-22-ը մասնակցել են բուհում կազմակերպված հայոց լեզվի և գրականության գծով մասնագիտական վերապատրաստման դասընթացին /36 ժամ տևողությամբ/:

«Դասընթացի անցկացումը լոկ ցանկության արտահայտումը չէ. սա օրենքի պահանջն է, որի իրականացման համար բուհը համապատասխան քայլեր է ձեռնարկում: Վերապատրաստումներին մասնակցությունն ու համապատասխան հավաստագրի առկայությունը կարևոր նախապայման է՝ հետագայում աշխատանքային պայմանագրի կնքման կամ թափուր աշխատատեղի զբաղեցման համար»,-նշեց Ռուբեն Միրզախանյանն ու նկատեց՝ օգտակարության և որակի մասին պետք է խոսեն իրենք՝ վերապատրաստվողները:

Հանդիպման ընթացքում ռեկտորն անդրադարձավ նաև վերջին շրջանում քննարկվող «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծին և նկատեց՝ առնվազն մեկ տարի կպահանջվի, որ բուհն այդ օրենքը կյանքի կոչի.«Կրթական նոր համակարգի անցումը պահանջում է նոր գիտելիքներ, այդ թվում՝ ՏՏ ոլորտում»,-վստահեցրեց Ռուբեն Միրզախանյանն ու հավելեց՝ բուհում տևական ժամանակ գործարկված էլեկտրոնային Google Classroom հարթակը կօգնի հետ չմնալ կրթական ոլորտի փոփոխություներից:

Պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը հանդիպման ընթացքում նշեց, որ վերապատրաստումներն իրականացվել են նախապես վերանայված և ժամանակակից մեթոդներին համապատասխանեցված ծրագրով.«Գործընթացից հետո կատարվել է մասնագիտական դասընթացի գնահատման, ամփոփման վերլուծություն, որի ընթացքում մասնագետները նշել են դրա թույլ և ուժեղ կողմերը, ռիսկերն ու բարելավումները, որոնց միջոցով հետագայում հնարավոր կլինի փոփոխել և կատարելագործել համակարգը»:

Բանասիրական Ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը խոսեց գործընթացի կազմակերպման մասին՝ ընդգծելով, որ ընտրված էին  լավագույն վերապատրաստողները, իսկ թեմաները բավականին արդիական էին: Դեկանը հավելեց նաև, որ գոհ են մանկավարժության վերապատրաստումներից, սակայն թեմաների մեջ կարելի է ավելի ծանրակշիռ տեղ հատկացնել մանկավարժական մեթոդաբանությանը:

Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը նկատում է ՝դասընթացին ներկայացրած իր թեման՝ «Միջնադարյան հայ գրականության միջազգային արժեքը» ընդգրկված չէ ո'չ բակալավրիատի, ո'չ մագիստրատուրայի ուսումնական ծրագրերում:

Պրոֆեսորն ընդգծում է՝ նույնիսկ առանձին աշխատություն չկա թեմայի վերաբերյալ.նմանատիպ նորույթներ դասախոսությունների շրջանականերում ներկայացրել են նաև ԳԱԱ-ի հրավիրյալ գործընկերները.« Նման ձևաչափով անցկացվող վերապատրաստումներն օգնում են շրջանցել մասնագիտական լճացումն ու միասնական ծանոթանալ տարբեր գիտաճյուղերում կատարվող փոփոխություններին և նորարարություններին»:

Վերապատրաստման մասնակիցները հանդես եկան առաջարկներով՝ դասընթացների վերաբերյալ հայտնելով իրենց կարծիքը, իսկ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը խոստացավ անդրադառնալ դրանց՝ վստահեցնելով, որ լավագույն գաղափարները հետագայում կկիրառվեն: