ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վերապատրաստումներ քիմիկոսների և կենսաբանների համար
17.01.2017
Վերապատրաստումներ քիմիկոսների և կենսաբանների համար

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն այսօր հավաստագրեր հանձնեց վերապատրաստված դասախոսներին:

Քիմիայի և նրա դասավանդման մեթոդիկայի և Կենսաբանության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնների 13 դասախոս երկշաբաթյա՝ ակադեմիական 36 ժամ տևողությամբ մասնագիտական վերապատրաստումների ընթացքում ամրապնդեց գիտելիքները նաև Մանկավարժություն և Համակարգչային գիտելիքներ առարկաներից:

Հանդիպման ընթացքում ռեկտորը դիմեց դասախոսներին՝ նշելու վերապատրաստման ընթացքում տեղ գտած բացթողումներն ու թերությունները՝ վստահեցնելով, որ ՀՊՄՀ-ի Գիտահետազոտական կենտրոնի կողմից կազմակերպվող վերապատրաստուման դասընթացները լինելու են շարունակական: «Վերապատրաստումները ևս կարևոր տեղ ունեն պրոֆեսորադասախոսական անձնակազմի վարկանիշավորման չափանիշներում, ուստի պետք է աշխատել ուսումնական գործընթացի կազմակերպման բարեփոխումներին համընթաց»,-նշեց ռեկտորն ու ևս մեկ անգամ անդրադարձավ էլեկտրոնային ուսուցման, միջազգային ցիտվող պարբերականներում հոդվածներ հրապարակելու, պրակտիկայի կազմակերպման գործում անելիքներին:

Դասախոսները շնորհակալություն հայտնեցին վերապատրաստումներ կազմակերպելու համար և հանդես եկան առաջարկներով, մասնավորապես՝ ընդլայնել մասնագիտական շրջանակն ու վերապատրաստումների ժամաքանակը: