Այսօր Մանկավարժական համալսարանում հավաստագրեր ստացան ՀՀ մարզերի և մայրաքաղաքի մի շարք դպրոցների տնօրեններ։
Նրանք մասնակցել են ՀՊՄՀ-ի և Ցյուրիխի մանկավարժական համալսարանների համագործակցությամբ կազմակերպված «Առավել որակյալ ուսուցում հանուն առավել բարեկեցիկ ապագայի» միջազգային ծրագրի շրջանակներում՝ «Դպրոցի որակյալ կառավարում» թեմայով մասնագիտական զարգացման դասընթացին։
Եռօրյա դասընթացն անցկացվել է խառը ձևաչափով և ներառել դպրոցի որակյալ կառավարման, դրա չափանիշների հետ կապված հարցեր։ Ընդգծվել են նաև ժողովրդավարական հասարակություն, դպրոցը՝ որպես ժողովրդավարական միկրոհասարակություն, դպրոցում որակի ապահովման ներքին մեխանիզմների և գործիքների հետազոտության, դրանց կիրառման վերաբերյալ հարցեր։
Վերապատրաստվողները ծանոթացել են մանկավարժական տեսություններին, նորարական մեթոդներին և ներառականության առաջնայությամբ պայմանավորված ռազմավարություններին։
Վերապատրաստման համակարգող, ՀՊՄՀ աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը շնորհավորեց մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց, որ կարևորում են մասնագիտական աճն ու իրենց կրթական հաստատությունների զարգացումը։
Պրոռեկտորը, ներկայիս կրթական բարեփոխումների փուլում կարևորեց կրթությունը, որակի բարելավումը, նշելով, որ ամեն ինչ սկսվում հանրակրթությունից․ «Մանկավարժականը եղել և շարունակում է լինել ուսուցչի, դպրոցի կողքին․մեր հսկայական աշխատանքի լավագույն գնահատանակը դուք եք՝ պատրաստ միասին հաղթահարելու բոլոր մարտահրավերները։ Երկար ճանապարհ ունենք միասին անցնելու․սա առաջին քայլն էր, որին կհաջորդեն նոր նախագծերն ու համագործակցությունը»։
Վերապատրաստված տնօրեններն իերնց գոհունակությունը հայտնեցին դասընթացի վերաբերյալ։ Ընդգծում են՝ այն արդյունավետ էր․ իրազեկված են, լի նոր գաղափարներով, իսկ ստացված տեղեկատվությունն ու գիտելիքները կօգնեն դպրոցների զարգացման ծրագրերը ճշգրիտ ներկայացնելուն։
Տնօրեններից շատերը, որ Մանկավարժականի շրջանավարտ են լիահույս են՝ գալիք սերունդները ևս կլինեն նվիրյալներ, խանդավառված մանկավարժի մասնագիտությամբ։
Վերապատրաստող դասախոս, Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը բարձր գնահատեց տնօրենների համայնքի ներուժն ու ուրախությամբ նկատեց՝ ազգային դպրոցը հուսալի ձեռքերում է։