ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վերապատրաստվեցին մանկավարժ-դաստիարակները
27.09.2024
Վերապատրաստվեցին մանկավարժ-դաստիարակները

Այսօր Մանկավարժական համալսարանում հավաստագրեր ստացան «Շախմատը նախադպրոցական ուսումնական հաստատություններում» խորագրով վերապատրաստման մասնակիցները։ Սեպտեմբերի 9-13-ն անցկացված 15-ժամյա դասընթացին մասնակցել է Արարատի մարզի Մասիս համայնքի մանկապարտեզներից 25 մանկավարժ-դաստիարակ։

Դասընթացի նպատակն էր վերապատրաստվողներին զինել այնպիսի հմտություններով, գիտելիքներով և կարողություններով, որոնց շնորհիվ հնարավոր կլինի 5-6 տարեկան երեխաների շախմատային նախագիտելիքի ձևավորման աշխատանքները ներկայացնել ոչ թե առանձին շախմատ խաղի ուսուցմամբ, այլ մանկապարտեզներում՝ նախադպրոցական կրթության մասնավոր մեթոդիկաների միջոցով։ Մի կողմից երեխաների հետ տարվող աշխատանքն է դառնում առավել հետաքրքիր, մյուս կողմից բարձրացվում է նախադպրոցական կրթության որակը․ շախմատն այն արժեքավոր կրթական գործիքն է, որը երեխային սովորեցնում է մտածել։

ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը հույս հայտնեց, որ վերապատրասվողները ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները, զարգացրել մանկավարժական մասնագիտական հմտությունները, իսկ փորձառու պրոֆեսորադասախոսական կազմի տված խորհրդակցությունները, նոր մեթոդներն ու դասավանդման ձևաչափերն իրենց դրական արդյունքը կունենան պրակտիկ գործունեության մեջ։

«Շախմատը նախադպրոցական ուսումնական հաստատություններում» խորագրով դասընթացի մասնակիցներին հավաստագրեր հանձնեց «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ՀՊՄՀ Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ Սմբատ Լպուտյանը:

Միջազգային գրոսմայստերը վստահեցրեց՝ իրենց հիմնական նպատակն է օգտակար լինել գալիք ժամանակին․ պատրաստ են լսել առաջարկություններ, նկատառումներ, դիտարկումներ՝ բարելավելու գործընթացը. «Մեզ համար կարևոր է, որ հայ երեխան լինի մտածող, վերլուծող անձ․ այդ առումով մենք այսօր լուրջ խնդիրներ ունենք։ Մեր երկրի համար ամենակարևոր մարդը ուսուցիչն է․ Ձեր դերն անչափ մեծ է։ Որքան խորքային եք դուք արժեքների հանդեպ, այնքան ավելին կարող եք տալ մեր երկրին, հասարակությանը»։

Վերապատրաստմանը մասնակցած Մասիսի թիվ 5 մանկապարտեզի դաստիարակ Սվետլանա Աղաջանյանը շուրջ կես դար աշխատում է կրթական այս կառույցում։ Խոստովանում է՝ մինչ դասընթացը գաղափար չուներ շախմատից, երբեք չէր խաղացել։ Եվ, չնայած դասընթացի կարճաժամկետ լինելուն, բարձր է գնահատում դրա արդյունավետությունը, ամենակարևոր ձեռքբերումն էլ համարում այն, որ շախմատի շնորհիվ երեխան ինքնակազմակերպվում է, կարողանում է նստել և մտածել։ Բազմավաստակ մանկավարժը լիահույս է՝ շախմատը կօգնի կոտրել մեզանում տարածված կարծրատիպն ու կօգնի նախ մտածել, հետո քայլ անել։