ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վերապատրաստվեցին Շվեդիայի թագավորական տեխնիկական համալսարանում
25.02.2019
Վերապատրաստվեցին Շվեդիայի թագավորական տեխնիկական համալսարանում

Փետրվարի 18-22-ը Շվեդիայի թագավորական տեխնիկական համալսարանում անցկացվեց «Ֆինանսական միջոցների հայթայթմանն ուղղված կարողությունների զարգացում» թեմայով մեկշաբաթյա վերապատրաստում: 

Վերապատրաստումն անցկացվում էր Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարկեթինգի խթանում /BOOST/» ծրագրի շրջանակներում:

Վերապատրաստմանը մասնակցում էին ծրագրի հայաստանյան գործընկեր համալսարանների ներկայացուցիչները՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, Հայաստանի ամերիկյան համալսարանից, Երևանի պետական կոնսերվատորիայից, Շիրակի պետական համալսարանից, Վանաձորի պետական համալսարանից, ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ինչպես նաև Ակադեմիական փոխճանաչման եվ շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից:

Մանկավարժական համալսարանից մեկշաբաթյա վերապատրաստմանը մասնակցում էին բուհի Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանը, բաժնի աշխատակից Ռաիսա Ավետյանը, ինչպես նաև Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի դասախոս Դավիթ Պողոսյանն ու Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկահի ամբիոնի դասախոս Սամվել Ասատրյանը:

Վերապատրաստման ընթացքում մասնակիցները ծանոթացան դրամաշնորհային ծրագրերին դիմելու ընթացակարգին, հաջող ծրագրեր մշակելու մեխանիզմներին, ինչպես նաև տվյալների հավաքագրման և ֆիանանսական միջոցների հայթայթման գործընթացին: Խմբային աշխատանքների միջոցով մասնակիցները իրականացրին ծրագրերի մշակում ըստ տրամադրված ձևի, որին հաջորդեց եվրոպացի գործընկերների գնահատականը մշակված ծրագրերի վերաբերյալ:

Փետրվարի 21-ին տեղի ունեցավ նաև ծրագրի համակարգման հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին ծրագրի ձեռքբերումները, ֆինանսական ծախսերը և հետագա աշխատանքները:

Նշենք, որ Էրազմուս+ «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարկեթինգի խթանում /BOOST/» ծրագրի համակարգողը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն է: