ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վերապատրաստվում և սովորում են․․․
09.07.2024
Վերապատրաստվում և սովորում են․․․

Հայկական պետական մանկավարժական համալսարանում շարունակվում են սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացները․ ծրագիրը մեկնարկել է հուլիսի 1-ին։

Ուսուցիչների համար դասախոսությամբ հանդես եկավ ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը: Նա ներկայացրեց մանկավարժական արդի հիմնախնդիրները, անդրադարձավ ամերիկյան, բրիտանական և ռուսական հեղինակավոր մանկավարժ-հոգեբանների կատարած ուսումնասիրություններին։

Պրոֆեսորը նկատեց՝ նորագույն տեխնոլոգիաների ժամանակաշրջանում փոփոխության են ենթարկվել երեխայի զարգացման փուլերը, աշխարհընկալումը։ Հոգեբանական գիտությունների դոկտորն առաջնային համարեց մասնագետների կողմից «էկրանային սերնդի» հոգեկան կառուցվածքային փոփոխությունների ուսումնասիրումը՝ ընդգծելով, որ նոր գործիքակազմի կիրառմամբ կկարողանան արդյունավետ կազմակերպել ուսուցման գործընթացը:

Ուսուցիչները շնորհակալություն հայտնեցին Սրբուհի Գևորգյանին բովանդակալից և կարևոր թեմայի շրջանակներում դասախոսության համար, ապա նրան ուղղեցին իրենց հուզող հարցերը:

Ի դեպ, լսարանային ժամերին զուգընթաց, կազմակերպվում են այցելություններ՝ թանգարաններ և Հայաստանի տարբեր մարզերի պատմամշակութային կոթողներ:

Օրերս մասնակիցները ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսորի պաշտոնակատար Ավետիս Հարությունյանի ուղեկցությամբ այցելեցին Չարենցի կամար, եղան «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում, Գեղարդի վանական համալիրում, Հաղարծինում, Սևանավանքում մասնակցեցին պատարագի։

Սփյուռքահայ ուսուցիչներն ուղևորվեցին Մխիթար Գոշի կառուցած Գոշավանք։ Նրանք հարգանքի տուրք մատուցեցին «եռամեծար վարդապետի» հիշատակին՝ այցելելով բարձունքում գտնվող նրա շիրմին։