ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վերապատրաստումները նպաստում են կրթական պրոցեսի բարելավմանը
20.04.2017
Վերապատրաստումները նպաստում են կրթական պրոցեսի բարելավմանը

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն այսօր հավաստագրեր հանձնեց աշխարհագրության և էկոլոգիայի գծով վերապատրաստված 19 դասախոսի:

Վերջիններս փետրվարի 20-ից մարտի 3-ը մասնակցել էին ՀՊՄՀ-ի կազմակերպած ակադեմիական 36 ժամ տևողությամբ վերապատրաստման դասընթացին:

Պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը նշեց, որ հերթական վերապատրաստումը բուհում ինչպես միշտ են վարել են ոլորտի առաջատար մասնագետները՝ նախապես վերհանելով դասախոսների մասնագիտական կարիքները:

Սրբուհի Գևորգյանը առաջարկեց վերապատրաստվողներին ներկայացնել իրենց դիտարկումները, նշել տեղ գտած բացթողումներն ու թերությունները՝ դրանք շտկելու նպատակով:

Մասնակիցներն իրենց գոհունակությունը հայտնեցին վերապատրաստումների վերաբերյալ՝ ցանկություն հայտնելով, որ հրավիրյալ մասնագետների դասաժամերը կրկնապատկվեն:

Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Խոյեցյանը ընդգծեց միջոցառման կարևորությունը՝ նկատելով, որ անկախ դասախոսի հմտություններից, ժամանակի ընթացքում գիտելիքները նորացնելու, թարմացնելու կարիք է լինում.«Աշխարհագրությունն ու էկոլոգիան 2 դինամիկ բնագավառներ են. գլոբալ, ռեգիոնալ և լոկալ մակարդակներով փոփոխություններն անմիջապես անդրադառնում են ուսումնական պրոցեսի և մասնագիտական որակների վրա: Գործընթացը ցույց տվեց, որ հանրապետության որակյալ և առաջատար մասնագետների հետ շփումը, ակտուալ նյութերի տրամադրումն ու ոլորտի զարգացումներին տեղեկանալն օգնում են կրթական պրոցեսի բարելավմանը, նյութի մասնագիտական և մեթոդական թարմացմանը.դրանք արդեն իսկ ներառված են դասընթացներում և ապահովում են դասախոսությունների նոր որակ»:

Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկանն ամփոփելով իր ղեկավարած ֆակուլտետի բոլոր ամբիոնների դասախոսների վերապատրաստումները՝ նշեց՝ դասընթացները կարևոր էին նաև նոր կապերի ամրապնդման տեսանկյունից:
ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն իր խոսքում նշեց, որ վերապատրաստումներն անցկացվում են նաև օգնելու դասախոսական կազմին տիրապետել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներին, ծանոթանալ ոլորտի նորարարություններին:

Ռեկտորը կարևորեց այն, որ դասախոսական կազմն ավելորդ չի համարում մասնակցությունը վերապատրաստումներին՝ անընդհատ սովորելու ձգտումը մասնագիտական կարևոր որակ համարելով:

Հավաստագրերի հանձմանը ներկա էին նաև վերապատրաստող դասախոսները. Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը նախաձեռնությունը երկկողմանի օգտակար համարեց.« Մենք չէինք եկել սովորեցնելու.սա նոր տեղեկատվության տրամադրում էր մասնակիցներին, ովքեր ոլորտի լավագույն մասնագետներն են»:

Պրոռեկտոր Սրբուգի Գևորգյանը կնետրոնի տնօրենին առաջարկեց բուհի ուսանողների պրակտիկան կազմակերպել այնտեղ՝ կատարելագործելու հետազոտական հմտությունները:

Բարդուխ Գաբրիելյանը վստահեցրեց՝ կողմերի համագործակցությունը կշարունակվի և առավել արդյունավետ կլինի.իր ղեկավարած կառույցում աշխատակիցներից շատերը Մանկավարժական համալսարանի շրջանավարտներն են:

Կենտրոնի փոխտնօրեն Հասմիկ Խաչատրյանն էլ նկատեց՝ համագործակցությունը պետք է ամրապնդել հուշագրով:

Կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը մասնագետների վերապատրաստումն իրենց համար ևս պարտավորեցնող համարեց. փորձի փոխանմական ընթացքում ցուցաբերած դասախոսների պատրաստակամությունը ապացուցեց՝ ջանք չեն խնայում երիտասադներին նոր գաղափարներով և մոտեցումներով զինելու համար: