ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վերջին դաս և  ավարտական վերջին զանգ․․․
23.05.2025
Վերջին դաս և  ավարտական վերջին զանգ․․․

Այսօր հրաժեշտի զանգը հնչեց նաև ՀՊՄՀ-ի N 57 հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիների համար․ անցնելով դպրոցական տարիների փորձություններով, ապրելով անմոռաց օրեր, սաները հավաքվել են հրաժեշտ տալու կրթօջախին և  իրենց պատանեկության հետաքրքիր և խենթություններով լի օրերին։

«Տարիներ առաջ մենք դպրոց մտանք փոքրիկ քայլերով, անհանգիստ աչքերով, ուսապարկերից ծանր հաստափոր գրքերով։ Ու հիմա` տարիների ընթացքում քաղած  դասերից, տնային աշխատանքներից հետո, կանգնած ենք այստեղ՝ մեծանալու ճամփաբաժնին»,-իրենց խոսքում նշեցին 9 ա դասարանի սաներն ու  ընդգծեցին՝ ուսումնառության տարիները ոչ միայն գիտելիքների, այլև հուշերի, ընկերության, կյանքի ամենավառ պահերով լի տարիներն էին։ Հիմա պատրաստ են մարտահրավերների, նոր նվաճումների․ դպրոցը եղել է և կմնա իրենց հուշերում՝ ինչպես երկրորդ տունը։

Վերջին դասը պատեհ առիթ էր սաների համար մեկ անգամ ևս ընդգծելու իրենց միասնականությունը, մեծ ու անկրկնելի պատմության մաս լինելը․այդ պատմության մեջ յուրաքանչյուրը՝ ուսուցիչ, թե աշակերտ, ունի իր կարևոր դերը։

Դասղեկ Մարիամ Գրիգորյանի սաները շնորհակալություն հայտնեցին իրենց ուսուցիչներին․իրենց են փոխանցել ոչ միայն գիտելիքներ,  այլև սովորեցրեցրել են  հաղթահարել դժվարությունները, պայքարել իրենց նպատակների համար և երբեք չվախենալ սխալվելուց։  Հիմնական դպրոցի սաները վստահեցրին՝ գալիք ճանապարհը կանցնեն նրանց տված տված գիտելիքների շնորհիվ։

9 ա դասարանի սաները շնորհակալություն հայտնեցին նաև իրենց ծնողներին․ դժվար պահերին իրենց հետ են եղել․այսօր էլ շարունակում են կիսել և ՛ուրախությունը,  և՛ խնդիրները։

«Եկել է այն պահը, երբ հայացքս հետ գցելով սկսում եմ արժևորել ամեն ինչ, գնահատել և վերապրել այն, ինչը արդեն երբեք հետ չեմ բերի։ Հիշողությանս մի անկյունում, սակայն, կշարունակեմ փայփայել այն ակնթարթները, որոնք հիշելիս նորից վերապրում եմ սրտի նույն թրթիռը»-դպրոցին հրաժեշտ տալիս՝ նշեցին 9 բ դասարանի աշակերտները։

Դասղեկ Մելինե Միքայելյանի սաներն անկեղծանում են՝ դպրոց մտնելիս կամ որևէ նկատողություն ստանալիս, երազում էին այն օրվա մասին, թե երբ են ավարտելու․ հիմա երազում եմ, որ այդ երազանքն անկատար մնա։ Ասում են՝ վաղուց չեն տեսել այսքան հուզված դեմքեր, որոնող ու սպասումներով լի աչքեր, ջերմ ու վառվռուն հայացքներ: Իրենք էլ են շփոթված․ այն գիտակցությամբ,որ անցնում է այս տարիների ակնթարթը և  կանգնած են դժվար կյանքի նախաշեմին։

ՀՊՄՀ-ի N 57 հիմնական դպրոցի սաները, սակայն, լավատես են․ սա հրաժեշտ է, որը խոստանում է գալիք հանդիպումներ ու փոխադարձ ողջագուրանքների բազում առիթներ։

Ավարտական դասարանի սաները հիշարժան ու հուզիչ այսօրն իրենց սրտի խորքից շնորհակալություն հայտնեցին ուսուցիչներին։ Վստահեցրին՝ նրանց առաջնորդության, հոգատարության, անսահման նվիրումի շնորհիվ իրենց  դպրոցական տարիներն անցան լուսավոր, հարուստ գիտալիքներով ու ջերմ հուշերով․«Դպրոցական կյանքն անգնահատելի հարստություն է, որը տարիների հետ ավելի թանկ ու կարևոր է դառնում։ Այսօր դպրոցականների հոգում աննկարագրելի զգացողություններ են խառնվում։ Հենց այսօր են հասկանում, որ իրենց առջև բացվում է նոր ու անծանոթ, ավելի պատասխանատու աշխարհ»,- ամփոփեցին դպրցականները։

9 բ դասարանի դասվար Տաթևիկ Աբրահամյանը, որ ներկա էր հրաժեշտի միջոցառմանը,   տարիների հեռվից հիշեց անցած օրերը և իր սաներին փոխանցեց մի պատառ մանկությունից՝ փաթեթի տեսքով։

Տաթևիկ Աբրահամյանը հորդորեց նրանց չմոռանալ իրենց  ուսուցիչներին, դպրոցը, այն պարտեզը, որտեղ  պոկել են իրենց գիտակցության առաջին ծաղիկները, վայրը, որտեղ երևացել են նրանց առաջին ընդունակությունները․«Այստեղ դուք ձեռք եք բերել լավ ընկերներ, այս պատերի ներսում ասված ամեն խոսք ձեր բարօրության համար է եղել։ Հիշե՛ք, դպրոցն էլ է մայր․նա ձեզ «վերցնում է» ձեր ծնողներից այն ժամանակ, երբ դեռ հազիվ եք խոսում, բայց վերադարձնում է ուժեղացած, մեծացած, աշխատասեր և հասուն դարձած»։

Միջոցառմանը ներկա էին ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, պրոռեկտորներ, մանկավարժներ, ծնողներ, հյուրեր։

Շրջանավարտներին կրթության կարևորագույն փուլն ավարտելու առթիվ շնորհավորեց ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, որը  վստահ է՝ շրջանավարտների իղձերը, երազանքները, ստեղծագործական երևակայության սահմաներում ուրվագծված նվաճումները կպայմանավորեն մեր երկրի, դպրոցի վաղվա օրը։

Դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանն էլ օրը հակասական զգացմունքներով լի է համարում․մի կողմից ուրախություն, հպարտություն, մյուս կողմից՝ անսահման տխրություն և թախիծ։

Նաիրա Տողանյանը շնորհավորեց շրջանավարտներին և ընդգծեց՝ դասարանները կերտել են դպրոցի պատմությունը։ Գրեթե մեկ տասնամյակ անցյալում թողած սաներին բարի երթ և նվիրական երազանքների իրականացում մաղթեց։ Վստահ է՝ կրթօջախում ստացած  գիտելիքները կկիրառեն հանուն հայրենիքի։