«Քիչ հետո երկար կղողանջի Վերջին զանգը․ կյանքի նոր փուլ մտնելու ժամանակն է։ Գրատախտակը, մանկական խենթությունները, հերթապահության ցուցակը, դասասենյակները մի տեսակ թախծում են այսօր։ Մենք էլ անհոգ ու զվարթ ծիծաղը թողնելով դպրոցում` պետք է հրաժեշտ տանք։ Վերջին զանգ, վերջին ղողանջ, վերջին դաս․․․»,-այսօր դպրոցական անհոգ կյանքին հրաժեշտ տվեցին նաև ՀՊՄՀ N 57 հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիները։
Հիշում են՝ 9 տարի առաջ իրենց համար հնչեց առաջին զանգը․ սրտի անսովոր թրթիռով, մանկական խաղերը դեռ չմոռացած, մտան դպրոց։ Դասարանը դարձավ երկրորդ սենյակը, դպրոցը՝ հարազատ օջախ, նստարանները՝ հավատարիմ ընկեր, իսկ պայուսակը՝ մշտական ուղեկից։
Ավարտական դասարանի աշակերտներն իրենց խոսքում նշեցին՝ կյանքն իրենն է պահանջում․ պիտի գնան, որ դպրոց գա նոր սերունդ, հրաժեշտի նոր զանգեր հնչեն, իսկ իրենք կփորձեն դառնալ հմուտ մասնագետներ, հայրենիքի նվիրյալներ։
Դպրոցականները երգերի, բանաստեղծական տողերի միջոցով խոստովանեցին՝ իրենց հույզերի, երախտագիտության ամենալավ պահն է։ Հիշարժան այսօրը, դպրոց-կյանք ճամփաբաժանին, իրենց կրթող ու դաստիարակող կառույցին, ուսուցիչներին ասվեցին չասված և գաղտնի պահված խոսքերը՝ ազդարարելով խենթ մանկության ավարտը։
«Մնաս բարով մեր բոլոր-բոլոր ուրախությունների ու տխրությունների անկաշառ մասնակից և ականատես, մտորումների ակունք և սպեղանի, երազանքների ուղեկից, կյանքի ուղեգիր, սիրելի դպրոց»,- հրաժեշտի խոսքում նշեցին 9 ա դասարանի աշակերտները։
9 բ-ի սաներն էլ շնորհակալություն հայտնեցին իրենց կյանքի ամենալուսավոր հատվածի, հոգատարության և անմնացորդ նվիրումի համար։
Վերջին դասին ներկա էին մանկավարժներ, ծնողներ, ՀՊՄՀ ղեկավար կազմը, հյուրեր։
Մանկավարժական համալսարանի անունից աշակերտներին շնորհավորեց ռեկտոր Սրբուհի Գևորգյանը։ Հպարտ է, որ բուհն ունի նման ուսուցչական կազմ։ Նա անգնահատելի համարեց կրթության, զարգացման, անձի կայացման գործում նրանց ունեցած դերն ու նկատեց, որ շարունակությունը պետք է լինի առավել կիրթ և որակյալ։
Ռեկտորը հավելեց՝ երեխաների ժպիտները, շնորհաշատ ելույթները փաստում են, որ նրանց շնորհիվ մեր հայրենիքի բարգավաճման նորանոր ուղիներ են բացելու։
ՀՊՄՀ-ի N 57 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը բարի երթ մաղթեց աշակերտներին և նշեց՝ դպրոցական կյանքն ունի այդ նրբությունը․ ևս մեկ պատմություն ավարտվեց։
Թեպետ տնօրենի համար օրն ունի իրարամերժ զգացողություններ, սակայն ինքը հպարտ է արված աշխատանքի և հաղթահարված այս փուլի համար։ Վստահ է՝ դպրոցի սաներն իրենց ստացած գիտելիքներով կյանքի նոր փուլում բարձր կպահեն դպրոցի պատիվը։