ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վերջին զանգ ու նոր սկիզբ․․․
26.05.2023
Վերջին զանգ ու նոր սկիզբ․․․

Այսօր հրաժեշտի վերջին զանգը հնչեց նաև ՀՊՄՀ-ի N 57 հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիների համար․ մեկ տարի ևս ավելացավ դպրոցի տարեգրությանը, շրջանավարտների մեկ սերունդ ևս հրաժեշտ տվեց դպրոցին։

«Սիրելի դպրոց, որքան հիշողություն կա պատերիդ ներսում, որոնք այս պահին մեկ-մեկ արթնանում ու անսովոր զգացումով պարուրում են հոգիս։ Սիրտս ջերմանում է ուրախ և տխուր օրերի շնչից»,-նշեցին դպրոցականներն ու հավելեցին՝ այստեղ սովորեցին սիրել կյանքը, անտարբեր չլինել ուրիշի ցավին, միասին քննարկեցին իրենց հուզող տարբեր հարցեր, իսկ շատ հարցերի պատասխաններ ստացան ուսուցիչներից։

Վերջին դասը նշանավորվեց «Բու-2023» փառատոնի մրցանակաբաշխությամբ․տարբեր անվանակարգերում հանձնվեցին մրցանակներ, երախտագիտության խոսք ասվեց դպրոցին, ուսուցչին, որին պետք է սիրել, հարգել ու մեծարել ամեն օր։

Ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, պրոռեկտորներ, մանկավարժներ, ծնողներ, հյուրեր։

«Դժվար է խոսել․ երեխաներն ամենակարևոր արժեքները, խորհուրդներն ու մտքերն արդեն իսկ հնչեցրել են բեմից։ Մնում է միայն մաղթել բոլորիդ, որ հաճախ լսեք ինքներդ ձեզ, ինչ եք ուզում անել, ուր եք ուզում հասնել․ հիշել այն բոլոր կարևոր արժեքներն ու դասերը, որ այս տարիների ընթացքում սովորեցրել են ձեր ուսուցիչները։ Անկախ նրանից, թե ինչ դժվարությունների, խոչընդոտների և անորոշությունների կհանդիպեք, չհուսահատվեք փոքրիկ անհաջողություններից, չվախենաք բոլոր այն սխալներից, որ լինելու են․ առանց դրանց չեն ծնվում հաջողություններ և հաղթանակներ»,- Վերջին դասի առթիվ շնորհավորելով շրջանավարտներին՝ նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն, ու որպես շրջանավարտի ծնող, հորդորեց ավելի հաճախ լսել երեխաներին։

Նախարարը մեծագույն շնորհակալություն հայտնեց տնօրենությանն ու ուսուցչական կազմին և կարևորեց, որ իրենց խոսքում երեխաները հիշեցին բոլորին․ դպրոցը մի ամբողջություն է, որտեղ յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը։

Ժաննա Անդրեասյանը շնորհավորեց նաև հանրապետության բոլոր շրջանավարտներին՝ առաջիկա քննություններում մաղթելով հաջողություններ։ Նախարարը գիտի՝ անհանգստանում են, սակայն, հորդորեց հիշել՝ գնատականները, որ ստանալու են, ընդամենը թվեր են․ կարևորն այն կայուն գիտելիքն է, որն ունեն։

Շրջանավարտներին շնորհավորեց նաև ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, որը նկատեց՝ ներկաներին միավորում է մեկ նպատակ՝ կրթություն․«Բեմում տեսանք այնպիսի ներուժ, որն ապացուցեց՝ ճանապարհ ենք դնում հերթական հասուն և կյանքին պատրաստ սերունդ, որի նոր ձեռքբերումներով պայմանավորված են լինելու մեր երկրի փառքը, պատիվը»։

Սրբուհի Գևորգյանը վստահ է՝ քանի դպրոցական համայնքը ներկայացված է նման անհատականություններով, մեզ հաղթանակներ են սպասվում։

ՀՊՄՀ-ի N 57 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանն էլ ուրախ է՝ շրջանավարտները վերջին տարիներին պատվով են հաղթահարել բազում խոչընդոտներ։ Այսօր արդեն կա ձևավորված թիմ, որն ամրացել, ուժեղացել է և հետագայում ևս բարձր է պահելու դպրոցի անունը։

«Ավարտելով մեր խոսքը՝ չենք ասում մնաս բարով, այլ ասում ենք՝ ցտեսություն, հավատացած լինելով, որ մեր անցնելիք ճանապարհի յուրաքանչյուր խոչընդոտ հաղթահարելիս՝ ձեր բարի ու ճշմարիտ խորհուրդներով լինելու եք մեր ուղեկիցը»,- ամփոփեցին շրջանավարտները: