ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վիրտուալ ցուցադրություն` ՀՊՄՀ թանգարանում
13.04.2021
Վիրտուալ ցուցադրություն` ՀՊՄՀ թանգարանում

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա շրջանակում ՀՊՄՀ թանգարանը կազմակերպել է «Հայաստանի միջնադարյան հուշարձանները» խորագրով վիրտուալ ցուցադրություն: 

Ամբողջ աշխարհում ապրիլի 18-ը նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, որին իր ակտիվ ու անմիջական մասնակցությունն է ցուցաբերում նաև մանկավարժական համալսարանի թանգարանը: Այս տարի Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը նշվում է «Բարդ անցյալներ, բազմազան ապագաներ» խորագրի ներքո։

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա նպատակն է բարձրացնել մարդկության իրազեկությունը մշակութային ժառանգության, նրանց խոցելիության մասին և անհրաժեշտ ջանքեր գործադրել նրա պաշտպանության և պահպանման համար։

Համալսարանի թանգարանի պարտականություններից է կրթական աշխատանքի, մշտական ցուցադրությունների և ժամանակավոր ցուցահանդեսների միջոցով հանրահռչակել պատմամշակութային արժեքները, քանի որ հուշարձանները կազմում են երկրի, ժողովրդի մշակութային ժառանգությունը, իրենից ներկայացնում մարդկանց հիշատակը և իրադարձությունները հավերժացնող արվեստի ստեղծագործություն:

Նշենք, որ ՀՊՄՀ թանգարանի և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ կազմակերպված վիրտուալ ցուցադրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ բուհի թանգարանում: Ցուցադրությունը կգործի մինչև մայիսի 15-ը: