ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վրեժ Սարուխանյանը վերադարձի զարմանալի գրող է
10.06.2022
Վրեժ Սարուխանյանը վերադարձի զարմանալի գրող է

ՀՊՄՀ-ի Հումանիտար գրականության ընթերցասրահում կայացավ գրող, լրագրող, Բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ Վրեժ Սարուխանյանի «Ագռավաքար» գրքի շնորհանդեսը:

Ժողովածուն հայ ժողովրդի անցած ու ներկա տագնապների, որոնումների, սրտխփոցների սրտագրությունն է, թախծոտ խոհը մեր ճանապարհի, որի դարանակալ կածաններում երբեմն շեղվել ու շփոթվել ենք, գայթակղվել օտար փրկիչներին, սխալվել, բայց միշտ էլ պահել ենք հարատևության մեր իղձը։

Հեղինակը համոզված է՝ հոգսերի գիշերը հավերժական չէ. միշտ էլ առավոտ է գալիս։

Ո՞վ ստեղծեց Ագռավաքարի լեգենդը, ինչո՞ւ, ո՞ւմ ցանկությամբ, արդյո՞ք դա մերն է, ե՞րբ դուրս կգանք նրանից․ նախաբանում հռետորական հարց է տալիս հեղինակը և պատասխանում․ «Մեր հերոսն է փակվել ու ինքն էլ փակ դուռը բացելու է միայն ներսից։ Անխելք բաներ ենք անում ու հավատում դրսի անշահառու արդարությանը, այնինչ ներքին արդարությանը պիտի ապավինենք, որ դառնությունը վանենք մեր արդար հացից։ Ասել է թե՝ մեզանից, մեր սիրուց ու ատելությունից։ Սովորենք էպոսի դասերը»,- նկատում է Վրեժ Սարուխանյանը:

Շնորհանդեսին ներկա էին գրականագետներ, գրչակից և ուսանողական տարիների ընկերներ, ընթերցասերներ։

Վրեժ Սարուխանյանի կուրսընկեր, ՀՊՄՀ-ի պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը խոստովանում է՝ որպես լեզվաբան «Ագռավաքար»-ին նայել է իր մտահայեցողական պրիզմայով, հասկանալու՝ գրողն ինչ կոնցեպտ է դրել գրքի հիմքում, ինչ ընդհանուր կամ բաժանարար գիծ կա ներկայացված պատմվածքներում․«Գրողի միտումը Ագռավաքարի դռան մոտ կանգնել և խորհել փակ դռնից այն կողմ գտնվող Մհերի հոգեվիճակի մասին և զուգահեռներ տանել հայ ժողովրդի անցյալի և ներկայի միջև, հետաքրքիր մոտեցում է։ Գրողը պետք է իր դավանանքն ունենա․ այս առումով Վրեժ Սարուխանյանի մոտեցումը հիմնավորված է և արդարացված»։

Պրոֆեսոր Խաչատրյանը գրողի արձակ գործերում երկու թեմա է առանձնացնում՝ կարոտը հայրենիքի նկատմամբ, հին արժեքներով վերապրելու ոգեկոչումը և սիրո թեման․«Վրեժ Սարուխանյանը կայացած, լայն մտահորիզոնով և հասուն գրող է, որի պտուղներն այսօր վայելում ենք»,-ամփոփեց պրոֆեսորը։

«1974 թվականին՝ ուղիղ 48 տարի առաջ, Աշնակից Ներքին Սասնաշենի դպրոցի 9-րդ դասարան մտավ անսովոր արտաքինով երիտասարդ․ հայ գրականության ուսուցիչն էր։ Այդ օրվանից սկսվեց երանելի, երջանիկ, գրագետ, անհաշտ ու երկար մի մտերմություն»,- գրքի շնորհանդեսին նշեց Երևանի երկարամյա փոխքաղաքապետ, Վրեժ Սարուխանյանի աշակերտ Կամո Արեյանն ու հավելեց ՝ շնորհակալ է բախտորոշ օրվա համար։

Կամո Արեյանը համոզված էր, որ այս գրականությունը ծնվելու է․ վստահ էր։ Եթե որևէ գիրք չկարդար իր սերունդը, կենդանի դասագրքերը՝ մեր հայրերն ու մայերը, բավական էին։ Նրանց իրապատումները լսված էին, բայց չընթերցված․«Իմ ուսուցիչը՝ Վրեժ Սարուխանյանն իրականացրեց մեծ առաքելություն․ դա մարդկային սխրանք է։ Յուրաքանչյուր իրապատում առաջինը մեզ է հասցեգրված։ Բոլորը կարող են գտնել իրենց․ սա հիշողության մեծ դաշտ է։ Չլինեմ անհամեստ, բայց լինեմ ճշգրիտ ու ազնիվ․ Սարուխանյանն իսկապես ձեռք է մեկնել մարկեսյան համարձակությանը, հիշողությունը հովտում չկորցնելու տագնապով և ամբողջ այդ իրապատումը բերել, կապել մեր սրտին ու հոգուն՝ մեծ գեղարվեստով։ Լավ եմ կարդացել, շատ լավ եմ կարդացել, աշակերտաբար՝ մինչև այսօր։ Վստահաբար կարող եմ ասել՝ նույն ուսուցիչն է, նույն ազնվությունը՝ անսեթևեթ ճշմարտությամբ, մտքով, ասելիքով»,-նշեց Կամո Արեյանն ու հավելեց՝ մեր օրերի համար պահանջարկված և ապրեցնող գրականություն է ստեղծել Վրեժ Սարուխանյանը։ Նա վերադարձի զարմանալի գրող է։

Գրող, լրագրող, ՀՊՄՀ շրջանավարտ Հովհաննես Պապիկյանը նկատում է՝ գրողը սերունդներին ուզում է ասել՝ դուք պարտավոր եք գնալ և տեսնել ձեր պապերի երկիրը: Այս մտածողությունը մտնում է սերունդների մեջ և նրանց կապում էրգրի հետ:

«Նրանք, ովքեր ուզում են մեզ Ագռավաքարում պահել, չարաչար սխալվում են: Վրեժ Սարուխանյանը ձեռքը դրել է մեր ցավի վրա, դրա համար էլ գիրքը կոչվում է «Ագռավաքար»: Ագռավաքարը խավար է, Մհերի դուռը՝ լույս: Եվ մենք գնալու ենք լույսի ճամփով․ մեր ճամփան Մհերի դուռն է: Վրեժ Սարուխանյանը գրել է մեր սխալի մասին, որը չպիտի կրկնենք»,-եզրափակեց գրող Անդրանիկ Ավետիսյանը։

Ներկաները շնորհավորեցին Վրեժ Սարուխանյանին՝ մաղթելով բեղուն գրիչ, հետագա նոր ստեղծագործական դաշտ և վերելք։

Ի դեպ, ընթերցասրահում ցուցադրված էին նաև Բանասիրական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հեղինակած գրականագիտական մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, ինչպես նաև ֆակուլտետի շրջանավարտ հայտնի գրողների՝ 30-70-ական թվականներն ընդգրկող երկեր․ ընդհանուր առմամբ՝ 67 հեղինակի 211 ստեղծագործություն: