ՀՊՄՀ-ի և «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի միջև կնքված պայմանագրի շրջանակներում ընթացքի մեջ է կենսաբանության և քիմիայի լաբորատորիաներն անհրաժեշտ գույքով, տեխնիկայով, սարք-սարքավորումներով հագեցնելու գործընթացը։
Ծրագրի նպատակը ՀՊՄՀ-ում ժամանակակից կրթական մարտահրավերներին համապատասխան «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ոլորտի գերազանցության եզակի կենտրոնի հիմնումն է։
Միջազգային ստանդարտներին համապատասխան կենտրոնն իր մեջ ներառում է 6 լաբորատորիա, 2 կենտրոն՝ գիտական միջոցառումների և վերապատրաստման ժամանակակից սրահ և մասնագիտական կողմնորոշման և նախնական փորձառության ձևավորման լսարան:
Ծրագրի շրջանակներում գործող և ապագա ուսուցիչների համար ԲՏՃՄ կրթության ոլորտում կիրականացվեն վերապատրաստման դասընթացներ, մասնակիցները կծանոթանան հանրակրթության նոր չափորոշիչներով սահմանված ուսուցման նորարար մեթոդներին և լաբորատոր աշխատանքներին։
Իր տեսակով եզակի կենտրոնը հնարավորություն կտա նաև արդյունավետորեն իրականացնել ուսուցում-աշխատանք-վերապատրաստում կապը՝ մանկավարժական տարբեր սերունդների հետ գործակցությամբ, կնպաստի ներկա և ապագա ուսուցիչների հետազոտական և ստեղծագործական բաղադրիչի բարելավմանը։