Կայացավ Մանկավարժական համալսարանի Արհեստակցական կազմակերպության 4-րդ համաժողովը:
Հասմիկ Սարգսյանը ներկայացրեց 2012-2017 թթ. արհկոմի հաշվետությունը, կատարված աշխատանքերը՝ վստահեցնելով, որ ղեկավարվելով համերաշխության, ժողովրդավարության և օրինականության սկզբունքներով, կառույցն իր գործունեությունը նպատակաուղղել է արհմիության անդամների աշխատանքային և սոցիալական շահերի պաշտպանությանը:
Մշակութային միջոցառումների, աշխատողների և ուսանողների ազատ ժամանցի կազմակերպում, նյութական օժանդակություն, աշխատողների իրավունքներին, աշխատանքային կարգապահությանը վերաբերվող բազմաբնույթ հարցեր, որ քննարկվել են հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպված 45 նիստերի ընթացքում: Հատկանշական է, որ Արհեստակցական կազմակերպության միջոցների հաշվին Աղավնաձորի ուսումնամարզական բազայում կազմակերպվել է բուհի աշխատողների և նրանց ընտանիքի անդամների հանգիստը՝ ուղեգրի արժեքի 30-50 տոկոս զեղչի չափով:
Արհկոմի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Տիգրան Թանգամյանն էլ ներկայացրեց հանձանժողովի հաշվետությունը, որին հաջորդեց Արհեստակցական կազմակերպության նախագահի ընտրությունը:
Առաջադրված միակ թեկնածու, գործող նախագահ Հասմիկ Սարգսյանը 37 ձայնով վերընտրվեց Արհկոմի նախագահի պաշտոնում:
Համաժողովի ընթացքում Արհմիության անդամները հաստատեցին նաև Արհկոմիտեի, Արհմբյուրոների նախագահների և Վերստուգիչ հանձնաժողովի կազմը:
Արհմիության անդամներ Սվետլանա Մարությանն ու Բորիս Խոդերյանը կառույցի անդամների անունից բարձր գնահատեցին կատարված աշխատանքը և նորընտիր նախագահին մաղթեցին արդյունավետ գործունեություն:
Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը շնորհավորեց Հասմիկ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ և նկատեց, որ ՀՀ-ում գործող 700-ից ավելի արհեստակցական միությունների շարքում ՀՊՄՀ-ի Արհկոմն ունի իր ուրույն տեղն ու դերը:
Գառնիկ Վաղարշակյանի կարծիքով՝ բուհական համակարգում գործատու-աշխատակազմ շղթայում շարունակում են մնալ բազմաթիվ չլուծված խնդիրներ. Մանկավարժական համալսարանն այդ համակարգում ունի յուրահատուկ դեր, ինչն արտացոլվում է կատարված աշխատանքի շոշափելի արդյունքներով ու առաջընթացով:
Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահը Հասմիկ Սարգսյանին հանձնեց Մոսկվայի Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի գործադիր կոմիտեի դիպլոմը՝ համերաշխության ամրապնդման, արհմիութենական շարժման միասնության գործում ներդրման, ինչպես նաև հասարակության շրջանում արհմիությունների դերի ազդեցության և Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի գործադիր կոմիտեի 25-ամյակի կապակցությամբ:
Հասմիկ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց կառույցի անդամներին վստահության համար և հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքի դեպքում կարձանագրեն նոր ձեռքբերումներ և հաջողություններ: