ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետում այսօր կազմակերպվել էր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր Յուրի Երզնկյանի 100-ամյակին նվիրված միջոցառում՝ «Յուրի Երզնկյանի վարպետաց դասերը»։
Ձեռնարկը յուրատեսակ դաս էր, հանդիպում, որին ներկա էին նրա գործընկերները, երբեմնի ուսանողները, որոնք այսօր մեծանուն ռեժիսորներ կամ կինոգործիչներ են։ Հայ մշակույթի մեծ վարպետ Յուրի Երզնկյանի վարպետաց դասի սցենարի հեղինակը Հեռուստալրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանն է։ Նրա փորձառության ու խստապահանջ ընտրության շնորհիվ՝ միջոցառման ներկաները վայելեցին Երզնկյանի կինոժառանգության որոշ հատվածներ, վերհիշեցին այն կարևոր ուղերձներն ու հորդորները, որոնք Երզնկյան կինոռեժիսորը փոխանցել է կինոսերների տարբեր սերունդներին։
«Ոչ միայն կերպարվեստում, այլև արվեստագետների շրջանում կան պատճեններ և բնօրինակներ։ Այսօր այստեղ ենք՝ հիշելու ամբողջովին բնօրինակ արվեստագետին՝ քսաներկու գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի ստեղծող Յուրի Երզնկյանին»,-նշեց Արմեն Ամիրյանը, որը մեծ հպարտությամբ է նշում՝ վարպետն իրեն նույնպես դասավանդել է։ Նա այն կարծիքին է, որ Յուրի Երզնկյան մեծանուն կինոռեժիսորի վարպետաց դասերից պետք է դասեր քաղել, հարստացնել նրա թողած ժառանգությունը, իսկ մեծարելն անհրաժեշտ է հենց մեծարողներին՝ լավ ու վատի, բարու և չարի, գեղեցիկի և տգեղի ընկալումները չկորցնելու համար։
Միջոցառման ընթացքում ներկաները դիտեցին ֆիլմերից հատվածներ, իսկ Արմեն Ամիրյանը ներկայացրեց դրանցում կինոռեժիսորի վարպետության այն կարևոր կողմերը, ռեժիսորական այն ինքնատիպ ու բացառիկ մտահղացումները, որոնց շնորհիվ այդ ֆիլմերը մինչ օրս էկրաններին են, իսկ ասելիքը՝ այժմեական։ «Մեծ ցանկություն ունեմ քեզ հետ որևէ ֆիլմում համագործակցելու․ Յուրի Երզնկյանի այս առաջարկը բարձր գնահատական էր ինձ համար,- խոստովանում է Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն ու շարունակում,- նրա ֆիլմերում երաժշտությունն այնպիսի մարդիկ են գրել, որոնք հասկանում էին և կինոյից, և երաժշտությունից, ինչպես ինքը։ Անգնահատելի մեծ է նաև նրա մանկավարժական գործունեությունը, ինչի արդյունքում այսօր բազմաթիվ ռեժիսորներ կայացել են իրենց ասպարեզում»:
Նա ներկաներին մտովի տեղափոխեց վարպետի կինոաշխարհ․ ինքը նվագում, իսկ հանդիսատեսը գուշակում էր, թե կատարումը Երզնկյանի որ ֆիլմից է։
ՀՊՄՀ Ռեժիսուրայի ամբիոնի վարիչ, Գ․ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը Յուրի Երզնկյանի հետ մանկության տարիներին է շփվել և բազմաթիվ հուշեր ունի։ «Ջերմ, ազնիվ ու բաց սրտով մարդ էր վարպետը»,-այսպես է բնորոշում կինոռեժիսորին Արմեն Էլբակյանը։ Նա խոսեց «Խաթաբալա» ֆիլմի մասին, որի միջոցով Երզնկյանը, «խաղի բոլոր կանոններով», կարողացավ ողջ գեղագիտությամբ կինո բերել թիֆլիսահայ մշակույթը։ Արմեն Էլբակյանը տարիների հեռվից հիշում է՝ կինոստուդիա մտնելիս միշտ լսելի էր Յուրի Երզնկյանի բարձր ձայնը․ այդպես խոսում են բարի ու ազնիվ մարդիկ։ Նա այն կարծիքին է, որ անցյալը ու նրա երևելի գործիչներին հիշելով ու մեծարելով միայն կարող ենք տեսնել ապագան, իսկ նրա ֆիլմերը իսկական դասեր են վարպետից, որ երբեք չեն կորցնում իրենց արդիականությունը։
Յուրի Երզնկյանն առաջինն էր, ում ղեկավարմամբ կուլտուրայի ֆակուլտետում բացվեց Կինոռեժիսուրայի բաժին։ Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանն այդ բաժնի առաջին սաներից է։ Խոստովանում է՝ Յուրի Երզնկյանն իր կյանքում վճռորոշ դեր է ունեցել։ «Երբ պետք է աշխատեի կինոստուդիայում, տարիների վաստակ ունեցող ռեժիսորները դեմ էին անփորձ երիտասարդին աշխատանքի վերցնելուն, բայց վարպետի խոսքը բավարար էր. Նա իմ աշակերտն է` ասաց, ու դա հստակ գնահատական էր, և ես աշխատեցի։ Իմ վարպետը կինոյի մեծ վարպետ է․ այսօր այստեղ եմ խոնարհվելու և իմ երախտագիտությունը հայտնելու նրան»,-նշեց Հարություն Խաչատրյանն ու փաստեց՝ բացառիկ բան է, երբ 15 հոգանոց կուրսում 6-7-ը դառնում են կայացած կինոռեժիսորներ․ դա է մեծ վարպետի անջնջելի հետագիծը։
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ, պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը բազմիցս շփվել է կինոռեժիսորի հետ։ Հիշում է, որ շփումներն ու զրույցները հարստացնում էին իրեն։ «Մագնիսի պես մարդ էր և անհատական, և ստեղծագործական հատկանիշներով։ Բացառիկ հումոր ուներ։ Շատ էր ինքն իրենով, բայց ներդաշնակ էր։ Երբեք վերարկուն չէր կոճկում․ հոգեբանական նրբերանգ է, ազատություն էր սիրում՝ խառնվածքով էր այդպիսին»,-նշեց Դավիթ Մուրադյանն ու հավելեց՝ վարպետը երազանք ուներ, որը, սակայն, չհասցրեց նկարահանել․ ժամանակները փոխվեցին և դրա նկարահանման համար արտադրական պայմաններ չկային արդեն։ Ֆիլմի սցենարը հայերեն թարգմանել է Դավիթ Մուրադյանը․ խոստովանում է՝ չնկարված այդ ֆիլմը կինոռեժիսորի վրեժն էր իր հոր՝ քաղաքական գործիչ Արամայիս Երզնկյանի համար, որը զոհ գնաց ժամանակի ռեպրեսիաներին։ «Յուրի Երզնկյանը եզակի անհատ էր հայկական կինոարվեստում և մեր ամբողջ մշակութային ասպարեզում՝ մշտական պատիվ»,-նշեց Դավիթ Մուրադյանը։
Պրոֆեսոր Անետա Երզնկյանը հպարտությամբ է նշում՝ արդեն երկու տարի տարբեր միջոցառումներով նշանավորվեց հոր մեկդարյա հոբելյանը։ «Հայրս շատ կապված էր այս կրթօջախի հետ և պատահական չէ, որ հենց այստեղ է անցկացվում նրա վարպետաց դասը»,-նշեց Անետա Երզնկյանն ու հավելեց՝ հայրը վառ ու հետաքրքիր անձնավորություն էր և ընտանիքում, և իր միջավայրում։ Խոսելով կինոռեժիսորի ստեղծագործական վերելքներից՝ Անետա Երզնկյանն այն պատահական չհամարեց․ հայրն իր ընտանիքում հասակ է առել մտավորականների միջավայրում։ «Մշտապես ստեղծագործող մարդ էր։ Ստեղծեց երզնկյանական դպրոց, որտեղ չէր թելադրում իր ձևը, այլ ուսանողին սովորեցնում էր տեսնել, ազնիվ լինել և սեփական մոտեցումներով ստեղծագործել»,-նշեց ՀՊՄՀ պրոֆեսորն ու շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և ներկաներին՝ Յուրի Երզնկյան գործչի արվեստը գնահատելու համար։
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց ներկաներին յուրօրինակ վարպետաց դասին մասնակցելու համար և հավելեց․ «Սա դաս էր, որտեղից վերցրեցի շատ բովանդակային դրույթներ, որոնց վերաբերյալ դեռ կշարունակեմ ունենալ հարցադրումներ։ Այն բացառիկ հարթակ էր, որտեղ ներկայացվեցին նաև մեծանուն մանկավարժ Յուրի Երզնկյանի հարցադրումները՝ ի դեմս մեր մեծերի, մշակութային ժառանգության։ Բացի այդ, այն բացառիկ խաչմերուկ էր ուսանողների և ներկաների համար՝ հանդիպելու վարպետի դասերին, մասնակիցը լինելու այն երկխոսության, որը կոչվում է երզնկյանական դպրոց»,-նշեց ռեկտորն ու հորդորեց պահպանել այդ դպրոցի ավանդույթները։
Ռեկտորը հիշեցրեց՝ 2022-ին բուհը տոնեց իր հիմնադրման մեկդարյա հոբելյանը, և ուրեմն՝ Մանկավարժական համալսարանի 100 տարին դա միայն պատմություն չէ, այլև՝ մարդկանց, անհատականությունների և մեծերի պատմություն․ այդ անհատներից էր նաև Յուրի Արամայիսի Երզնկյանը։