ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Զանգակներ»-ը՝ գրաճանաչ
13.03.2025
«Զանգակներ»-ը՝ գրաճանաչ

ՀՊՄՀ-ի թիվ  57 հիմնական  դպրոցի  1ա «Զանգակներ»  դասարանի  աշակերտներն արդեն գրաճանաչ են։ Հրաժեշտն Այբբենարանին նշանավորվեց գեղեցիկ միջոցառմամբ` այն վերածելով իսկական հեքիաթի:

Փոքրիկների համար կարևոր ու սպասված տոնը, սակայն, լի էր անակնկալ փորձություններով․ «Գողացված գրի» բեմադրության  հերոսները նրանք էին։

Արքան, որ կարծում էր ամենազորեղն է` ընդարձակ սահմաններով, ոսկով լի բերնեբերան գանձարանով,  անակնկալի է գալիս՝ լսելով հեռվից եկող ձայնը․ «Մժեղ ես, մժեղ, ում համար գրագետ մարդը թշնամի է, ով ուզում է խլել  ամենաթանկն  ու նվիրականը՝ գիրը։ Ես իմ լույսով կայրեմ ու կհաղթեմ խավարին այս ազգահալած»։

Արքան, որ արգելել էր  իր  իմաստուններին կրթվել, որոշում է ազատվել նրանցից՝ իր կամքին հակառակվելու, սովորել և զարգանալ ցանկանալու համար։ Պարծենկոտ ու անգրագետ թագավորը նազիր-վեզիրներին ուղարկում է անտառ՝ քնաբեր խոտ գտնելու ակնկալիքով և  սպառնում ՝ դատարկ ձեռքով հետ գալու դեպքում, չարաչար պատժել։

Հենց այդ ժամանակ էլ ի հայտ են գալիս պալատականներն ու  միաձայն որոշում՝ գտնել խավարից ժողովրդին հանելու  միջոց։ Անտառում հայտնված ծառաներին էլ որոշում է օգնել անտառապահը՝ արքային ասելով, որ պետք է միայն գրով կռվել և դրանով  փրկել  երկիրը։

Արքան, սակայն, որոշում է երկաթե արկղում փակել գիրն ու բանտարկել իմաստուններին։ Պալատականների պայքարը հանուն գրի շարունակվում է․ հաղթահարելով մի շարք փորձություններ` մկների, թզուկների օգնությամբ նրանց հաջողվում է Իշխանի աջակցությամբ սպանել արկղը պահող եռագլուխ վիշապին, ազատել գիրն ու լուսավորել երկիրը․« Գիրը մեր ինքնապաշտպանության զենքն ու զրահն է, մեր ազգի հպարտությունն է, ժողովրդի հարատև գոյության երաշխիքը, մեր ինքնությունն է, որ փրկեց  ժողովրդին կործանումից և անմահություն պարգևեց»,-նշեցին հեքիաթում հայտնված դպրոցի սաները։

Արքան, որ դաս քաղեց եղածից,  խնդրեց ՀՊՄՀ-ի թիվ  57 հիմնական  դպրոցի տնօրենին իրեն էլ դպրոց ընդունել՝ խոստանալով լավ սովորել, ծառայել ժողովրդին և լուսավորել մարդկանց ուղին։

Դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը շնորհակալություն հայտնեց դասվար Ագրաֆինա Հովհաննիսյանին՝ գրաճանաչ մեկ սերունդ ևս մեր ազգին պարգևելու, իսկ   հանդիսատեսին գրի և լուսավորության կախարդական թագավորություն տեղափոխելու համար։  Նա կարևորեց միջոցառումը, որի ընթացքում մեկ անգամ ևս ընդգծվեց գիտելիքի և  գրաճանաչության անհրաժեշտությունը։