ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Զբաղեցրեց առաջին հորիզոնականը
31.01.2024
Զբաղեցրեց առաջին հորիզոնականը
Հունվարի 23-30-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացվեցին «Դասախոսական գավաթ-2024»- 12-րդ միջբուհական մարզական խաղերը։ 

Այս տարի առաջնությունն անցկացվեց 6 մարզաձևում՝ հրաձգություն, սեղանի թենիս, արագ շախմատ, բասկետբոլային նետումներ, բադմինտոն, պարանի ձգում: Այդ սպորտաձևերում  ուժերը չափեցին հայաստանյան 15 բուհի շուրջ 200 դասախոսներ և աշխատակիցներ։

Տարիներ շարունակ մրցաշարին մասնակցում են նաև Մանկավարժական համալսարանի դասախոսները՝ տարբեր մարզաձևերում զբաղեցնելով մրցանակային տեղեր։ ՀՊՄՀ-ականներն այս տարի մասնակցեցին հրաձգություն մարզաձևի մրցաշարին՝ մարզիչ Իվան Կարապետյանի գլխավորությամբ։ Տղաների անհատական պայքարում՝ առաջին հորիզոնականը զբաղեցրեց Ինֆորմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս Վահագն Խառատյանը՝ խոցելով 50 հնարավորից 49 թիրախ։

Վահագն Խառատյանն արժանացավ մեդալի, պատվոգրի և ստացավ խորհրդանշական պարգև։

Ի դեպ, Հայաստանի ուսանողական ֆեդերացիան, ամփոփելով անցյալ տարվա արդյունքներն այս մարզաձևում, Մանկավարժական համալսարանի թիմին արժանացրեց պատվոգրի՝ ակտիվ մասնակցության և մրցանակային տեղեր զբաղեցնելու համար։