ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ժաննա Անդրեասյան.«ՀՊՄՀ-ի հետ պետք է հաստատվի կայուն գործընկերություն»
31.01.2022
Ժաննա Անդրեասյան.«ՀՊՄՀ-ի հետ պետք է հաստատվի կայուն գործընկերություն»

Մանկավարժական համալսարանում Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ կայացավ բուհի խորհրդի այս տարվա առաջին նիստը։ Նիստին ներկա էր Խորհրդի 17 անդամ:

Ռեկտորի պաշտոնակատար Սրբուհի Գևորգյանը խորհրդի անդամներին ներկայացրեց ՀՊՄՀ-ի 2021 թվականի ֆինանսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունը՝ տարվա դրամական մուտքերի և ելքերի դինամիկան, դրամական ելքերի բաշխվածությունը, 1-ին կուրսեցիների և ուսանողների ընդհանուր թիվն՝ ըստ տարիների:

Սրբուհի Գևորգյանը բուհի ֆինասական գործունեությունը տարեկան կտրվածքով համարեց դրական՝ նշելով, որ 2022 թվական համալսարանը մուտք է գործել տնտեսումով և չնայած ուսանողների թվի կրճատմանը՝ բուհը ֆինանսական կայուն վիճակում է, ունի վերջին երեք տարիների ամենաբարձր տնտեսումը:

Ռեկտորի պաշտոնակատարն ընդգծեց, որ բուհի ներկայիս ֆինանսական կայունությունը պայմանավորված է նաև տարիներ առաջ վարձավճարների բարձրացմամբ:

Բուհի գործունեության մյուս մանրամասներն ամփոփված էին Մանկավարժական համալսարանում 2021 թվականին տեղի ունեցած իրադարձությունների մասին պատմող Լրատվության և հանրության հետ կապերի վարչության պատրաստած տեսաֆիլմում:

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը մտահոգիչ համարեց վերջին տարիներին բուհի ուսանողների թվի նվազումը և կարևոր համարեց պարզաբանել՝ նվազումը համաչա՞փ է, թե՞ որոշ մասնագիտություններ այդ ցանկում գերակշռում են:

Խորհրդի նախագահը հորդորեց նաև առավել ակտիվ մասնակցել դրամաշնորհային ծրագրերին՝ խթանելով բուհի համապատասխան կարողություների, ռեսուրսների զարգացումը:

Նիստի ընթացքում Խորհրդի անդամները հաստատեցին 2022 թվականի բյուջեի նախահաշիվը, որոշ հաստիքների կրճատումների և փոփոխությունների վերաբերյալ փաստաթուղթը:

2022 թվականի ֆինանսական նախահաշվի մասին խոսելիս՝ Սրբուհի Գևորգյանը նկատեց, որ նախատեսվում է վերանորոգման աշխատանքներ իրականացնել Աղավնաձորի ուսումնական բազայում. նախահաշվում տեղ են գտել նաև բուհի 100-ամյակի միջոցառումներին ուղղված ծախսերը, աշխատողների առողջապահական ապահովագրությունը և այլն:

Հոգաբարձուների խորհրդի նիստում աշխատանքային բուռն քննարկում ծավալվեց բուհի՝ 2021-2025 թթ. Ռազմավարական ծրագրի շուրջ:
ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատարն ընդգծեց, որ բաց են ցանկացած առաջարկի և դիտարկման համար. չի թաքցնում՝ փաստաթուղթը լրացուցիչ վերլուծության է ենթարկվել, կան մի շարք բացթողումներ բուհի գործունեության վերաբերյալ:

Սրբուհի Գևորգյանը նկատում է՝ դրա համար հիմք են ծառայել նաև բարձրագույն կրթության ոլորտում, մասնավորապես, մանկավարժությունում տեղի ունեցող փոփոխությունները.«Համալսարանի կրթական ծրագիրը կախված է դպրոց-բուհ ծրագրերի, չափանիշների ունիֆիկացումից. մեր հիմնական «կլինիկան» դպրոցն է, և եթե համարժեք կրթական ծրագիր չունենանք, չպատրաստենք, չվերազինենք որակավորված մասնագետներ, չենք համապատասխանի ժամանակի մարտահրավերներին»:

Խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանի առաջարկով՝ կստեղծվի աշխատանքային խումբ, որի աշխատանքի արդյունքում փաստաթուղթը կստանա ամբողջական տեսք՝ ամրապնդելով դպրոց-բուհ կապը:

«Բուհի ռազմավարության տեսանկյունից՝ Հոգաբարձուների խորհուրդն ունի առանցքային դեր: Մենք պարտավորված ենք աջակցել, և չպետք է հաստատենք փաստաթուղթ, որտեղ մանկավարժական բուհի օրվա կարևոր խնդիրները շատ ուղիղ ձևով արտացոլված չեն: Մենք պետք է սահմանենք թիրախ, որ առաջիկա տարիներին ավելացնենք ինչպես դիմորդների, այնպես էլ խնդրահարույց համարվող մասնագիտությամբ հետաքրքրվողների թիվը»,-նիստի ընթացքում նշեց Խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանն ու հավելեց՝ խորհրդի անդամներից յուրաքանչյուրն իր ղեկավարած կառույցի շրջանակներում իրականացվող ծրագրերում պետք է ընդգրկի Մանկավարժականն ու վերջինիս հետ հաստատի կայուն գործընկերություն:

Ժաննա Անդրեասյանը վստահ է՝ Մանկավարժականի հետ գործակցելը պետք է դարձնել կայուն վարքագիծ. այսօր աշխատելով բուհի հետ, վաղը կհեշտանա աշխատանքը դպրոցների, ուսուցչի հետ:

Խորհրդի անդամները որոշեցին բուհի Ռազմավարական ծրագրի հաստատումը տեղափոխել հաջորդ նիստին:

Հոգաբարձուների խորհուրդը հաստատեց նաև ՀՊՄՀ-ի վարժարանի մարզադահլիճի վերանորոգման աշխատանքների շարունակության թույլտվությունը, ապա քննարկեց կատարված գործառույթի իրավական գնահատականի վերաբերյալ մի շարք հարցեր:

Նիստում Խորհուրդը որոշեց ՀՊՄՀ-ի ռեկտորի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթի օրը. այն կանցկացվի մարտի 19-ին` ժամը 10:00-ին: