ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է պետության կողմից գերակա ճանաչված ուղղություններով բարձր կրթաթոշակ ստացող ուսանողներին
18.03.2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է պետության կողմից գերակա ճանաչված ուղղություններով բարձր կրթաթոշակ ստացող ուսանողներին

ՀՀ ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ Հոգաբարձուների նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների հետ, որոնք պետության կողմից գերակա ճանաչված մասնագիտություններով ամսական առնվազն 70 հազար դրամ կրթաթոշակ են ստանում:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ու Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը։

Հիշեցնենք՝ ծրագիրը մեկնարկել է նախորդ ուսումնական տարվանից. ՀՊՄՀ-ից ծրագրի շահառու են ապագա մանկավարժները, որոնք ընտրել են ԲՏՃՄ առարկաների ուղղությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի ընթացքին և բարելավմանը վերաբերող հարցեր:

Նախարարը կարևորել է բուհերում գերակա ճանաչված մասնագիտություններով կրթության կազմակերպման արդյունավետությունը, որին էլ միտված է բարձր կրթաթոշակների քաղաքականությունը:

«Ծրագիրն ավելի արդյունավետ դարձնելու առումով շատ կարևոր է իրազեկել պոտենցիալ դիմորդներին, որ այս տարվա ընդունելության ժամանակ նրանք կարող են ընտրել հենց այս ուղղությունները և ձեռք բերել պետության համար ռազմավարական նշանակության որևէ մասնագիտություն: Այդպիսով՝ նրանք կարող են նպաստել թե՛ իրենց անձնային, թե՛ պետության զարգացմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հորդորելով ծրագրից օգտվող ուսանողներին տարբեր միջավայրերում և հարթակներում պատմել իրենց ուսումնառության մասին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ուսանողներին խնդրել է ներկայացնել դիտարկումներ՝ հարակից կամ նույն մասնագիտացմամբ կրթությունը շարունակելու նպատակահարմարության, ծրագրի համար սահմանված առաջադիմության շեմի՝ ՄՈԳ-ի, այդ թվում՝ աշխատելու պարագայում կրթաթոշակից օգտվելու համար սահմանված նվազագույն շեմի և այլ հարցերի վերաբերյալ:

Ժաննա Անդրեասյանն առաջարկել է նաև քննարկել կրթաթոշակային ծրագրի ավարտից հետո տվյալ մասնագիտությամբ և տվյալ ոլորտում աշխատելու պարտադիր պահանջ սահմանելու հարցը:

«Իհարկե, կարող ենք ենթադրել, որ համապատասխան որակավորումը ստանալուց հետո դուք հենց այդ ուղղությամբ էլ աշխատելու եք, բայց նման պահանջի ու պայմանի ամրագրումը պետական քաղաքականության տեսանկյունից կարևոր է: Տեսականորեն չի բացառվում, որ քաղաքացին կարող է ստանալ, օրինակ՝ քիմիայի ուսուցչի որակավորում, բայց այդ մասնագիտությամբ չի ուզենա աշխատել: Քանի որ ի սկզբանե նման պարտավորվածություն սահմանված չի եղել, պետությունը որևէ պահանջ ներկայացնել չի կարող: Ծրագիրը դեռ նոր է, իհարկե, պետք է նաև մոնիթորինգ անենք՝ հասկանալու, թե ծրագրով ուսումնառությունն ավարտած շրջանավարտների քանի տոկոսն է հետագայում աշխատելու իր մասնագիտությամբ»,- նշել է նախարարը՝ դիմելով ուսանողներին:

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, ընդգծելով ծրագրի արդյունավետությունը, ներկայացրել է թվային տվյալներ, որոնք փաստում են ԲՏՃՄ մասնագիտություններով ընդունելության աճի մասին․«2024-2025 թթ. համար հատկանշական է հատկապես «Ֆիզիկա» և «Քիմիա» մասնագիտություններով ուսանողների թվային աճը, քանի որ ամսական 70 հազար կրթաթոշակով հնարավոր է ոչ միայն ծածկել ուսման վարձը, այլև որոշակի փոքր ծախսեր հոգալ»,- ասել է ռեկտորը՝ հավելելով, որ գերակա ճանաչված մասնագիտություններով պետության կրթաթոշակային նոր քաղաքականությունն արդարացված է:

Ըստ նրա՝ 2024 թվականին Մանկավարժական համալսարանն ավարտել է ինստիտուցիոնալ հավատարմագրումն ու այժմ նախապատրաստվում է մասնագիտական հավատարմագրման, ինչը ենթադրում է բոլոր մասնագիտությունների ծրագրային վերանայումներ:

Հանդիպմանը ներկա ուսանողների խոսքով՝ պետության կողմից գերակա ճանաչված ուղղություններով կրթաթոշակի տրամադրումը լրացուցիչ խթան և մոտիվացիա է, բայց ոչ նախապայման՝ հենց այս ուղղություններով կրթությունը շարունակելու համար: Հատկապես մարզերից մայրաքաղաք եկած ուսանողների խոսքով՝ կրթաթոշակն իրենց համար լրացուցիչ ֆինանսական աջակցություն է:
Ուսանողները նաև ընդունելի են համարել ծրագրի ավարտից հետո տվյալ մասնագիտությամբ և տվյալ ոլորտում աշխատելու պահանջի սահմանումը՝ նշելով, որ լրացուցիչ երաշխիքները կարևոր են նաև հետագայում մասնագիտությամբ աշխատանք գտնելու առումով:

Ուսանողները նաև նշել են՝ սեփական օրինակով փորձել են ոգևորել իրենց համայնքի մի շարք այլ շրջանավարտների, որոնք այս տարի պատրաստվում են դիմել գերակա ուղղություններով մասնագիտություն ստանալու:

«Վստահ եմ՝ ձեր օրինակը շատերին կուղղորդի: Կրթաթոշակի համար ընտրված մասնագիտությունները պատահական չեն: Թե՛ ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների, թե՛ գյուղատնտեսության ոլորտի մասնագետների շատ լուրջ պահանջարկ կա»,- խոսքն ամփոփելով՝ նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նշենք, որ ծրագրով խրախուսվում են պետության համար կարևորություն ներկայացնող մասնագիտություններով ուսումնառությունն ու բարձր առաջադիմությունը: Ըստ կարգի՝ առաջին կուրսից հետո 80 տոկոսից բարձր ՄՈԳ ունեցողները կշարունակեն ստանալ 70 հազար դրամ կրթաթոշակ, իսկ 90 տոկոսից ավելի ՄՈԳ ունեցողները՝ 77 հազար դրամ: