ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Զոհվել է ՀՊՄՀ-ի ուսանող Մորիս Խումարյանը
01.02.2021
Զոհվել է ՀՊՄՀ-ի ուսանող Մորիս Խումարյանը

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվել է Մանկավարժական համալսարանի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Մորիս Խումարյանը: 

Մորիս Խումարյանը Տեխնոլոգիա և ձեռնարկչություն մասնագիտության հեռակա ուսուցման համակարգի ուսանող էր: Ծառայել է Իջևանի զորամասում, հուլիսին մասնակցել Տավուշյան մարտերին, իսկ Արցախյան վերջին պատերազմում` Մեխակավանի պաշտպանությանը. 3 ամսից պետք է զորացրվեր:

Կենսասեր, նպատակասլաց, կիրթ, գրագետ ու հայրենասեր. այսպես է Մորիսին բնորոշում մայրն ու նկարագրում, թե ինչ ոգևորությամբ էին ընտանիքում պատրաստվում դիմավորել նրան: 

«Իր ընտանիքի, ընկերների, շրջապատի լույսն ու սերն էր: Մշտապես ձգտում էր լավագույնին, խելացի էր, դաստիարակված, զուսպ ու համեստ: Չափից դուրս հայրենասեր ու ընկերասեր իմ որդին անհավասար մարտում իր մարտական ընկերների հետ չի օգտագործել նահանջելու հնարավորությունը. վիրավորներին դուրս են բերել, ապա ընկել շրջափակման մեջ»,-նշում է մայրն ու վստահեցնում` որդին վայելել է հրամանատարության վստահությունն ու իրականացրել բազում կարևորագույն աջադարնաքներ: 

Մորիս Խումարյանին ճանաչողները միակարծիք են`նա այն լավագույններից էր, որ պիտի կերտեր Հայաստանի ապագան, իսկ նրա 20-ամյա կյանքն  անձնվիրության, ընկերասիրության և հայրենապաշտության իսկական օրինակ էր: 

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Մորիս Խումարյանի հարազատներին, զինակիցներին ու կուրսընկերներին: