Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվել է Մանկավարժական համալսարանի ևս մեկ ուսանող: Սուրեն Ադամյանը բուհի հեռակա ուսուցման համակարգի Հասարակագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանող էր:
Սուրեն Ադամյանը Ճամբարակ քաղաքից էր, աշխատում էր տեղի զինկոմիսարիատում, որտեղից էլ մեկնել էր հայրենիքի սահմանների պաշտպանության:
Նրա նախկին համակուրսեցին՝ Տաթև Արշակյանն www.aspu.am-ի հետ զրույցում նշեց՝ աշխատանքի պատճառով Սուրեն Ադամյանն առկա ուսուցման համակարգից տեղափոխվեց հեռակա, սակայն դա չխոչընդոտեց, որ մեզ հետ լիներ չափից դուրս կապված կուրսընկեր:
«Շատ տաղանադավոր էր Սուրենը. այնպիսի ձայն ուներ, որ թվում էր՝ երգելիս սենյակում ամեն ինչ իրեն է ենթարկվում: Բացի այդ, շատ հետաքրքրասեր էր. ամեն ինչի մեջ փորձում էր նոր բացահայտումներ անել»,-նշում է Տաթև Արշակյանն ու հավելում՝ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետում Սուրեն Ադամյանին մշտապես հիշելու են որպես շատ ընկերասեր մարդու և օրինակելի ուսանողի:
Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Սուրեն Ադամյանի հարազատներին, զինակիցներին ու կուրսընկերներին: