ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (ՀՊՄՀ) բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի առաքելությունը կրթության, սոցիալական, հումանիտար, բնական գիտությունների, մշակույթի և արվեստի ոլորտներում ՀՀ ազգային և միջազգային աշխատաշուկայում մրցունակ, մասնագիտական կայուն գիտելիքներ, կարողություններ ու հմտություններ ունեցող, սոցիալական պատասխանատվությամբ, ազգային, ժողովրդավարական, հումանիստական արժեքներով առաջնորդվող և դրանք տարածող մասնագետ-մանկավարժների պատրաստումն է բակալավրի, մագիստրոսի  և հետազոտողի որակավորումներով, որն իրականացվում է` ստեղծելով ուսանողակենտրոն միջավայր, ինչը բնութագրվում է նախագծերի և իրական դեպքերի շուրջ մշակված դասընթացների իրականացմամբ՝ ապահովելով ճկուն կրթական ծրագրեր: Բուհի ուսանողները, առնչվելով ազգային և միջազգային փորձին և իրականացնելով հետազոտություններ կրթության, սոցիալական, հումանիտար, բնական գիտությունների, մշակույթի և արվեստի ոլորտներում, կոգեշնչվեն՝ դառնալու շարունակաբար զարգացող համապատասխան ոլորտների մասնագետներ:

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

ՀՊՄՀ տեսլականն է ուսուցանվող մասնագիտական ոլորտներում մատուցվող կրթական ծառայություններում բուհը դարձնել նորարարական, գործնական հետազոտական կարողություններ և հմտություններ տրամադրող, գիտելիքահենք, ստեղծագործ միտք զարգացնող, անձի շարունակական զարգացում ապահովող, ազգային, բարոյական, հոգևոր և համամարդկային արժեքներ սերմանող առաջատար հաստատություն հանրային ամենատարբեր շերտերի ներկայացուցիչների համար։ Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը  հանդես է գալու որպես մանկավարժական գործունեության գաղափարների, մոդելների ստեղծող, նախաձեռնող և տարածաշրջանային կրթական տարածքում նորարարական գործընթացների ներդնող ուսումնահետազոտական միջավայր։ Այս տեսլականի իրականացումն ապահովվելու է երկրում առկա կրթական և մշակութային գործընթացների զարգացման հեռանկարների ոլորտում առաջադեմ հիմնարար հետազոտություններով, տնտեսության, սոցիալական և մշակութային ոլորտներում գիտության և կրթության ազդեցության մեխանիզմների ուսումնասիրությամբ և արդիականացմամբ, համընդհանուր ներառականության սկզբունքների ներդրմամբ և մանկավարժական կրթության նոր ռազմավարությունների մշակմամբ և արդյունավետորեն ներդրմամբ, որը կբերի ուսուցչի մասնագիտության տրանսֆորմացիայի՝ 21-րդ դարի հմտությունների լայն տիրապետմամբ։

 

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՐԱՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ

ՀՊՄՀ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համալսարանը կարևորում Է գործընկերային շահերի և որոշումների ընդունումը, պահպանում է բազմակարծության և ժողովրդավարության սկզբունքերը, խրախուսում է գիտելիքի մատչելի հասանելիությունը, ուսումնառության, ինչպես նաև դասավանդման ձևերի ու մեթոդների ընտրության ազատությունը։ Հայկական պետական մանկավարժական համալսարանի զարգացման տրամաբանությունը տեսանելի է մասնակցային և համագործակցային ուղենիշներով, որտեղ մասնակցության հարացույցը ներառում է կրթական համակարգում նոր մշակույթի ձևավորմանն ուղղված ջանքերը՝ ինչպես ՄՈՒՀ--հասարակություն, այնպես էլ հասարակություն-ՄՈՒՀ- հարթություններում, իսկ համագործակցային բաղադրիչը ներառում է մասնագիտական կայացմանն առնչվող շահերի վրա խարսխված համապատասխան մասնագիտական համայնքի ձևավորմանը նպաստող քայլերի ամբողջականությունը։

ՈԻՍԱՆՈՂԱԿԵՆՏՐՈՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ

Համալսարանն առաջնային է համարում ուսանողակենտրոն ուսումնառությունն ու ուսանողի կրթական առաջընթացը, ուսանողի կրթական ձեռքբերումները և ուսումնառությունից նրա բավարարվածությունն ու հաջողությունները: Համալսարանի աշխատանքները միտված են ուսանողների կարիքների հաշվառմամբ նրա ՀՊՄՀ-ական գործունեության և օժանդակ ծառայությունների կազմակերպմանը, ինչպես նաև կրթական գործընթացներում համապատասխան քաղաքականության ու կրթական ծրագրերի մշակմանը՝ համաձայն ազգային ինքնությամբ, պետական առաջնայնություններով և հանրային բարեկացությամբ սահմանված սկզբունքների:

ՀԱՄԱՅՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ

Համալսարանը կարևորում է ուսանողի և աշխատողի թիմային, ազնիվ, թափանցիկ և հաշվետվողական աշխատանքը, կարևորում և խրախուսում է ՄՈՒՀ-ի հեղինակության նկատմամբ յուրաքանչյուր աշխատակցի և ուսանողի բարձր պատասխանատվությունը, ակադեմիական ազնվությունը և բարեվարքությունը։ Համալսարանը կարևորում է հասարակության առջև իր պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը և ներկայացնում է իր գործունեությունը հրապարակային հարթակներում։


ՄԱՏՉԵԼԻ ԵՎ ԲԱՐՁՐՈՐԱԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Համալսարանում կարևորվում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մատչելի և բարձրորակ կրթություն ստանալու հնարավորության ընձեռումը՝ առանցքային համարելով բարձրակարգ գիտամանկավարժական համակազմի ապահովումը:

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՎ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ

Համալսարանն իր հաջողության գրավականն է համարում աշխատակիցների և ուսանողների՝ նորարարությանը միտված ակտիվությունն ու ստեղծարար դրսևորումը, արժևորում ու խրախուսում է խնդիրների լուծմանն ուղղված նորարարական գաղափարներն ու մոտեցումները, հետագա կիրառումը և զարգացման հնարավորությունը: Համալսարանը կարևորում է իր տեսլականի և առաքելության իրագործմանը միտված որակի ներքին ապահովման մշակույթի ամրապնդումը: