ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժական համալսարանի գրադարանը հիմնադրվել է 1922 թվականին 190 կտոր գրականության ֆոնդով: Հանրային գրադարանից (հետագայում` Ալ.Մյասնիկյանի անվան, ներկայումս` ՀՀ ազգային գրադարան) և Երևանի պետական համալսարանից նորաստեղծ գրադարանին տրամադրվել է շուրջ 4000 օրինակ գիրք:

Առաջին գրադարանապետ Մուշեղ Գասպարյանի ջանքերով Սբ.Էջմիածնի Մատենադարանից բերվել է ևս 3000 օրինակ հայագիտական և պատմագիտական գրականություն:

Տարբեր տարիներին գրադարանի տնօրեններ են եղել Մոսկվայի կուլտուրայի ինստիտուտի գրադարանային ֆակուլտետի շրջանավարտ Դուխիկ Մովսիսյանը  (մինչև 1961 թվականը, նրա օրոք գրքային ֆոնդը հասել է 134.000-ի), ՀԽՍՀ վաստակավոր գրադարանավար Ադրինե Աբելյանը (1961-1995 թթ.,), Տիգրան Հովհաննիսյանը (1995-2009 թթ.):

1989 թվականին գրադարանը ստացել է գիտական գրադարանի և 1-ին կարգի գրադարանի, 2023 թվականից՝ գրադարանի կարգավիճակ։

 1972 թվականին գրադարանն ուներ 400.000 կտոր գրականություն, 2011 թվականին՝ ավելի քան 630.000 օրինակ գիրք: 2011 թվականին գաղափարապես հնացած (ԽՄԿԿ պատմության, ԽՄԿԿ համագումարների բանաձևեր, կենսագրություններ, որոշումներ ևն) 120.000 հազար միավոր գրականություն դուրս է գրվել:

2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ գիտական գրադարանում առկա է 513.017 միավոր գիրք (300.000 օրինակ դասագրքեր, 98.000 օրինակ ծրագրային գեղարվեստական գրքեր, 64.000 օրինակ ուսումնամեթոդական, 46.000 օրինակ ուսումնաօժանդակ գրքեր, 4000 օրինակ քարտեզներ):

2011 թվականից սկսած գրադարանային հիմնական ցուցիշներով (ընթերցողների թիվ, գրքի շրջանառություն) գրադարանը հանրապետության 17 պետական բուհերի շարքում գրավել է առաջին տեղը:

Գրադարանն ունի 26 (երկուսը 2021 թվականին է հայտնաբերվել գրապահոցում) օրինակ հնատիպ հայերեն և մեկ օրինակ ռուսերեն, ավելի քան 4000 արժեքավոր գիրք, 768 նախախորհրդային հայկական ամսագիր:

Գրադարանի մատենագրության բաժնում պահվում է մանկավարժության և հոգեբանության գծով 1020 ատենախոսություն և այլ մասնագիտությունների գծով 3205 սեղմագիր: Գրադարանը ստանում է 22 անուն թերթ, 20 անուն գիտատեսական ամսագիր:

2021 թվականիի հունվարի 1-ի դրությամբ գրադարանն ունի շուրջ 18163 ընթերցող: Գրադարանի ընթերցողների սպասարկումն իրականացվում է երկու աբոնեմենտների, 6 ընթերցասրահների, մասնագիտական կաբինետների միջոցով, զգալի տեղ է հատկացվում էլեկտրոնային տեղեկատվությամբ ապահովմանը, գրադարանի 6 ընթերցասրահները ապահովված են օդային և գծային ինտերնետով, տեխնիկական ժամանակակից միջոցներով:

Գրադարանի գրքային ֆոնդի հարստացումը կատարվում է համալսարանի միջոցներով,  ստացվում են նվիրատվություններ:

Գրադարանն ստեղծել է սեփական էլեկտրոնային գրականության շտեմարան, որտեղ 120 թղթապանակներում ընդգրկված են հայերեն, ռուսերեն, օտար լեզուներով ավելի քան 17.000 միավոր դասագրքեր, ձեռնարկներ, առտենախոսություններ, սեղմագրեր, հոդվածներ, շուրջ 2 միլիոն էլեկտրոնային հասցեներ, որոնցից ընթերցողները կարող են օգտվել:

2009 թվականից Գրադարանի տնօրենը մատենագետ, պատմաբան, մշակութաբան, լրագրող Տիգրան Պետրոսյանցն է:

Նորություններ