Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը հիմնադրվել է 1936 թվականին՝ Ընդհանուր պատմության ամբիոն անվանումով:
2007 թվականին ամբիոնի կազմում է ընգրկվել նաև համալսարանի Ռուսաստանի պատմության ամբիոնը (նախկինում՝ ԽՍՀՄ պատմության ամբիոն), որից հետո ամբիոնը վերանվանվել է Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի:
Տարբեր տարիների ամբիոնը ղեկավարել են հանրահռչակ պատմաբան-գիտնականներ՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Իսկանյան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Բայբուրդյան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Մանվել Զուլալյան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյան:
Ամբիոնն իր ծանրակշիռ ներդրումն է ունեցել ինչպես Հայաստանի հնագույն շրջանի պատմության ուսումնասիրության գործում, այնպես էլ հայ բյուզանդագիտության, թուրքագիտության, իրանագիտության, հայ-ռուսական հարաբերությունների պատմության ուսումնասիրության բնագավառներում:
Գիտամանկավարժական գործունեություն է իրականացնում 12 մասնագետ, որոնցից ՀՀ ԳԱԱ 1 ակադեմիկոս, 3-ը` գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 8-ը` պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ:
Ներկայումս ամբիոնի վարիչը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանն է:
Ամբիոնում դասավանդվում է 40-ից ավելի առարկա:
Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը կարևոր հանձնառություն ունի հանրապետությունում պատմության և հասարակագիտության ուսուցիչների պատրաստման գործում:
Այդ առումով՝ համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնների հետ միասին կարևոր խնդիր է լուծում:
Ամբիոնը միաժամանակ գիտական կարևոր կենտրոն է և իր նպաստն է բերում ընդհանրապես պատմագիտության և, մասնավորապես, նրա առանձին ճյուղերի (հնագիտություն, Հայաստանի և հարակից երկրների հնագույն շրջանի պատմություն, կովկասագիտություն, թուրքագիտություն, Ռուսաստանի և ԽՍՀՄ-ի պատմություն և այլն) զարգացմանը Հայաստանում:
Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը համագործակցում է ինչպես ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի, այնպես էլ արտասահմանյան մի շարք հայտնի գիտական կենտրոնների հետ:
Ամբիոնի մասնագետները ծավալում են ակտիվ գիտամանկավարժական գործունեություն, մասնակցում են միջազգային և հանրապետական գիտաժողովների և սեմինարների, պարբերաբար հեղինակում և տպագրում են արժեքավոր աշխատություններ և գիտական հոդվածներ:
Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հիմական առաքելությունը Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Ջավախքի, արտասահմանի հայկական դպրոցներում հասարակական բարձր գիտակցությամբ քաղաքացիներ դաստիարակելու գործին նպաստելն է, ինչն արտահայտվում է նաև բարձրակարգ մասնագետներ պատրաստելու ձգտումով:
Ամբիոնն ամեն ինչ անում է հայկական դպրոցներում գիտակից քաղաքացի և հայրենասեր հայորդի դաստիարակելու անգնահատելի գործում իր դերակատարումն ունենալու համար:
Ամբիոնի առաքելությունը միաժամանակ հայ պատմագիտության զարգացմանը մասնակից դառնալն է, թուրքական և ադրբեջանական պատմակեղծարարության դեմ պայքարելը:
Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը նաև իր առջև խնդիր է դրել դառնալ պատմության և հասարակագիտության դասավանդման բնագավառում բարձր որակավորմամբ, մրցունակ, կոմպետենտ, նախաձեռնող, ստեղծագործող կադրերի պատրաստման նորարարական կրթական և գիտագործնական կենտրոն:
Վերջին 10 տարիներին ամբիոնի աշխատակիցները կատարել են լայնածավալ գիտահետազոտական և գիտամանկավարժական աշխատանքներ, որոնք դրսևորվել են ՀՊՄՀ գործունեության տարբեր ոլորտներում: