ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

Մանկավարժական համալսարանն իրականացնում է գիտական կադրերի պատրաստում ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդության միջոցով: Հետբուհական կրթությունն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԲՈԿ-ի հաստատած գիտական աստիճանաշնորհման անվանացանկի համաձայն:

Ասպիրանտական կրթությունը ՀՊՄՀ-ում իրականացվում է 1938 թվականից հետևյալ ուղղություներով` ասպիրանտուրա, դոկտորանտուրա, հայցորդություն՝ համապատասխան պլաներով և ծրագրերով:

Հետբուհական կրթության բաժինը գիտական կադրեր է պատրաստում բանասիրական, ֆիզիկամաթեմատիկական, պատմական, աշխարհագրական, քիմական, կենսաբանական, տեխնիկական, սոցիալ-մշակութային հոգեբանական և մանկավարժական գիտությունների գծով: Նպատակային ասպիրանտներ է պատրաստում Գյումրու, Վանաձորի մանկավարժական ինստիտուտների և Արցախի պետական համալսարանի համար:

Մանկավարժական համալսարանի ասպիրանտուրայում սովորում են նաև արտերկրի քաղաքացիներ:
Հետբուհական կրթական համակարգում ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա ձևերով՝ անվճար և վճարովի հիմունքներով: Առկա ձևով ուսուցման տևողությունը չի գերազանցում 3 տարին, իսկ հեռական՝ 4 տարին:

Ընտրած մասնագիտությամբ գիտական հետազոտություններ կատարելիս ասպիրանտները բուհի և կազմակերպության աշխատողների հետ հավասարապես օգտվում են գիտական սարքավորումներից, լաբորատորիաներից, համակարգչային տեխնիկայից, գրադարաններից, գործուղումների իրավունքից, հանրակացարանից:

2015 թվականից բուհի «Ասպիրանտորայի բաժնի» գործառույթները տեղափոխվել են Գիտահետազոտական կենտրոնի գիտաուսումնական աշխատանքների համակարգման բաժին:

Ասպիրանտուրայի բաժնի գործունեության ընթացքում ավելի քան 1000 ասպիրանտ և հայցորդ պաշտպանել են դոկտորական և թեկնածուական ատենախոսություններ: