«Մի իրի պատմություն» խորագիրը կրող էջը նպատակ ունի ներկայացնել Մանկավարժական համալսարանի թանգարանում ցուցադրված կամ ֆոնդապահոցում պահվող, բուհի պատմության հայտնի ու անհայտ էջերը ներկայացնող իրերի, փաստաթղթերի, լուսանկարների մասին համառոտ ակնարկներ:
«Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշան
1928 թվականի սեպտեմբերի 7-ին ԽՍՀՄ Կենտգործկոմի և ժողկոմխորհի հրամանագրով ստեղծվել է «Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշանը:
Այն ստեղծվել էր պարգևատրելու Խորհրդային պետության և հասարակության առջև արտադրության, գիտության, մշակույթի, գրականության, կրթության, առողջապահության, պետական, հասարակական և աշխատանքային գործունեության այլ ոլորտներում ձեռք բերած մեծ վաստակի համար: Հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը 1972 թվականին պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշանով:
ՀՀ-ում ԽՍՀՄ-ի այս բարձրագույն պարգևին են արժանացել նաև Երևանի պետական համալսարանը, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:
«Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշանը ցուցադրված է Մանկավարժական համալսարանի թանգարանի 3-րդ ցուցասրահում: