ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնում իրականացվում է «Փոխակերպվող հասարակության հիմնախնդիրները. մեթոդաբանական և մեթոդական տեսանկյուններ գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ենթակառուցվածքի պահպանման և զարգացման ծրագիրը» (գիտական ղեկավար՝ նույն ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Հասմիկ Հովհաննիսյան, պայմանագիր՝ թիվ 10-5/I-9). իրականացման ժամկետը՝ 2015-2017 թթ.:

Լայն իմաստով փոխակերպվող (լատ. trānsfōrmātio՝ վերափոխում) կարելի է համարել ցանկացած փոփոխվող և զարգացող հասարակություն: Սակայն վերջին տասնամյակների ընթացքում փոխակերպվող հասարակություն հասկացությունն առավելապես գործածվում է քաղաքական, տնտեսական, իրավական, գաղափարական, հոգևոր և մշակութային առումներով արմատական, համակարգային, դինամիկ, երբեմն էլ՝ դրամատիկ վերափոխումներ ապրող անցումային հասարակությունները բնութագրելու համար:

Հասարակական վերափոխումները մեծապես պայմանավորված են հիմնարար հետազոտությունների վրա խարսխված և մեթոդապես ապահովված կառավարման ու որոշումների ընդունման քաղաքականությամբ:

Ծրագրի նպատակն է ուսումնասիրել անցումային փուլում գտնվող հասարակությունների փոխակերպման ընդհանուր օրինաչափությունները և այդ համատեքստում վերհանել Հայաստանի ինստիտուցիոնալ, գործառութային և արժեքային փոխակերպումների առանձնահատկությունները, մշակել երաշխավորություններ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կատարվող բարեփոխումների արդյունավետության բարձրացման վերաբերյալ:

Ծրագրի արդյունքների հիման վրա արված վերլուծություններն ու մշակված երաշխավորությունները արժեքավոր կարող են լինել ինչպես գիտական հանրության, բուհերի դասախոսների ու սովորողների, այնպես էլ տվյալ ոլորտներում քաղաքականություն իրականացնող պետական կազմակերպությունների համար:

Ծրագրի թիրախային փոխշաղկապված ուղղություններն են՝

  • Հաղորդակցական գործընթացները և կառուցակարգերը, դրանց զարգացման միտումները,
  • մասնակցային ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգաց-ման հիմնահարցերը,
  • մասնագիտական կրթական համակարգի փոխակերպման միտումները,
  • հանրային կարծիքում ավանդական խնդիրների վերաբերյալ դիրքորոշումների շարժընթացը: 

Ծրագրի իրականացման մեթոդներն են՝

  • Նշված հիմնահարցերի վերաբերյալ գիտական աշխատությունների, միջազգային փորձն արտացոլող հրապարակումների, վիճակագրական տվյալների, իրավաբանական-նորմատիվ միջավայրի ուսումնասիրության իրականցում,
  • Գիտագործնական սեմինարների կազմակերպում,
  • Նկարագրական բնույթի սոցիոլոգիական հարցման իրականացում հայոց ցեղասպանության փաստի հոգեբանական-աշխարհայացքային վերապրման և դրա դրսևորումների ուսումնասիրության նպատակով,
  • Հետազոտության արդյունքների ներկայացում ու քննարկում տեսական սեմինարներում՝ գիտական հանրության, շահագրգիռ կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ,
  • Ծրագրի արդյունքների հրապարակում Իմաստություն (Wisdom) գիտական ժողովածուում և այլ գիտական պարբերականներում:

 

Նորություններ