1920-1922 թվականներին Հայաստանի կոմունիստական կուսակցության անմիջական ղեկավարությամբ «Ֆիզիկական դաստիարակության և կրթության դրվածքը» առարկան դարձավ պարտադիր, որը նպաստեց բնակչության, մասնավորապես՝ երիտասարդության ֆիզիկական, ռազմական դաստիարակության զարգացման և բարելավման գործին:
1922 թվականի նոյեմբերի 7-ին համալսարանի մանկավարժական ֆակուլտետն անջատվեց և դարձավ ինքնուրույն մանկավարժական ինստիտուտ: 1941 թվականին մանկավարժական ինստիտուտում եղել է ռազմագիտության ամբիոն, որն իրականացրել է ֆիզիկական դաստիարակության առարկան, 1943 թվականին կազմակերպվել է ֆիզիկական դաստիարակության ինքնուրույն ամբիոն:
1944 թվականի հունվարին մանակավարժական ինստիտուտում կազմակերպվել է ֆիզիկական կրթության և դաստիարակության ֆակուլտետ, 2011 թվականին ամբիոնը վերանվանվել է Շախմատի և սպորտի:
2011թ-ից շախմատը ներառվել է ՀՀ հանրակրթական դպրոցների 2-4-րդ դասարանների ուսումնական ծրագրում՝ որպես պարտադիր առարկա։ 2011-2012թթ. ուսումնական տարվա հաջող ավարտից հետո ՀՊՄՀ-ի ռեկտորատի կողմից հրավեր-առաջարկ է ստացվել համալսարանի Սպորտի ամբիոնում կազմակերպել շախմատ առարկայի ուսուցումը՝ Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ղեկավարությամբ:
Շախմատը տարրական դպրոցի ծրագրում ներառելով պարզ դարձավ, որ ուսուցման արդյունավետությունը կբարձրանա, եթե տարրական դասարանների դասվարները նույնպես ունենան շախմատային գիտելիքներ, ունակ լինեն դասավանդելու նաև այս առարկան: ՀՊՄՀ-ի և Հայաստանի շախմատի ակադեմիայի միջև համագործակցության սկիզբը նշանավորվեց նրանով, որ 2012-2013 ուստարում շախմատ առարկան սկսեց դասավանդվել Սկզբնական կրթության ֆակուլտետում:
Տարրական կրթության մանկավարժություն բաժնի ուսանողները՝ ապագա դասվարները, սկսեցին ուսումնասիրել «Շախմատ» առարկան: Համագործակցության արդյունքում Մանկավարժական համալսարանը տվեց ուսուցիչների առաջին սերունդը, որոնք հաջողությամբ սկսեցին դասավանդել շախմատ առարկան Երևանի և ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների 2-4-րդ դասարաններում:
Հոգեբանների, սոցիոլոգների, մանկավարժների, շախմատի մեթոդիստների և ներառական կրթության ուղղվածությամբ ուսումնասիրություններ անցկացնող մասնագետների կողմից կատարվող աշխատանքներն առավել համակարգված իրականացնելու նպատակով 2015թ-ի սկզբին Գիտության պետական կոմիտեի աջակցությամբ ՀՊՄՀ-ում բացվեց «Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոն»-ը, որն իր երկամյա գործունեության արդյունքում գիտության ոլորտում արձանագրել է շոշափելի արդյունքներ:
ՀՊՄՀ-ի հետ «Շախմատը դպրոցում» ծրագրի ընթացիկ ձեռքբերումներն ամփոփող պարբերական հաշվետվություններ կարելի է համարել 2014թ-ին Երևանում «Շախմատը դպրոցում», իսկ 2016թ․-ին Ծաղկաձորում «Շախմատային կրթության տեսական և գործնական հիմնահարցերը դպրոցում» թեմաներով կազմակերպված միջազգային կոնֆերանսները, որոնց ընթացքում ՀՊՄՀ-ի մասնագետները հայ և օտարազգի գործընկերների հետ կիսվեցին իրենց ձեռքբերումներով և կատարված հետազոտությունների արդյունքներով:
Նպատակ ունենալով պատրաստել շախմատի հմուտ ուսուցիչներ, ովքեր կզբաղվեն ՀՀ տարրական դպրոցներում շախմատի դասավանդմամբ, կկարողանան հետագայում իրենց փորձը փոխանցել շախմատը դպրոցական ծրագրում ընդգրկելու ձգտումն ունեցող իրենց արտասահմանցի գործընկերներին՝ համաձայն արդեն ուժի մեջ մտած Կառավարության որոշման՝ 2017-2018 ուստարուց ՀՊՄՀ-ի բակալավրիատում կատարվելու է ընդունելություն «Շախմատ» մասնագիտությամբ։
Շախմատի և սպորտի ամբիոնի աշխատանքներում կարևոր տեղ է հատկացվում նաև ուսանողների ֆիզիկական դաստիարակությանն ու նրանց առողջության ամրապնդման հարցերով: Ամբիոնին կից գործում են 5 մարզաձևերից մարզական սեկցիաներ՝ սեղանի թենիս, բասկետբոլ, վոլեյբոլ, շախմատ և ֆուտբոլ. ուսանողները մասնակցում են հանրապետական ուսանողական մարզական խաղերի:
2015-2016թ. հանրապետական ուսանողական մարզական խաղերում համալսարանի աղջիկների ֆուտբոլի հավաքականը գրավել է առաջին տեղը:
Համալսարանի ղեկավարությունը ուշադրության կենտրոնում է պահում ֆիզիկական դաստիարակության հետ կապված հարցերը և անում է ամեն ինչ առարկան ծառայեցնելու ուսանողների դաստիարակության և առողջության ամրապնդմանը: Ուսանողների համար կազմակերպվում է լողի ուսուցման անվճար դասընթացներ, ինչպես նաև հատկացվել է ֆիզկուլտուրայի դասերը անցկացնելու համար միանման մարզահագուստ:
Ամբիոնին կից գործում է հրաձգարան, որտեղ անցկացվում են առանձին ուսումնական ժամեր՝ ուսանողների շրջանում ռազմական հմտություններ ձևավորելու համար:
Աշխատակազմ
Շախմատի և սպորտի ամբիոնի աշխատակազմ
Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչի պ/կ, դասախոս, միջազգային գրոսմայստեր
Դոցենտ
Դոցենտի պ/կ
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Գիտաշխատող, մասնագետ