Հասցե` ՀՀ, 0010, Երևան, Տիգրան Մեծի պողոտա 17
Հեռ.՝ 59 70 45
էլ. փոստ՝ museum@aspu.am
Վեբ կայք՝ www.museum.aspu.am
Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 10.00-16.30-ը
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարանը հիմնադրվել է 2004 թվականի մայիսի 11-ին` որպես համալսարանի պատմության թանգարան: Բուհական թանգարանը ենթարկվում է համալսարանի խորհրդին` ռեկտորի նախագահությամբ: Գիտամեթոդական ղեկավարումն իրականացնում է Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Թանգարանային գործ և հուշարձանների պահպանության ամբիոնը:
Մանկավարժական համալսարանի թանգարանի ներկայիս ցուցադրությունը բացվել է 2012 թվականի նոյեմբերի 19-ին` Համալսարանի 90-ամյակի տոնակատարությունների շրջանակում: Վիրտուալ տիրույթում աուդիո տարբերակով թանգարանի ցուցադրությունը հասանելի դարձնելու նպատակով Հայաստանում առաջին անգամ IZI travel միջազգային կազմակերպության աջակցությամբ թանգարանը ստեղծեց և գործարկեց աուդիոգիդ ծրագիրը: Այն այսօր հասանելի է 3 լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն:https://izi.travel/ru/0b76-kh-abovyani-anvan-hpmh-i-t-angaran/hy։
ՀՊՄՀ-ի թանգարանին կարող եք հետևել նաև վիրտուալ շրջագայության միջոցով:
Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարանն իր գործունեության շրջանակներում մեծ տեղ է հատկացնում հատուկ կարիքներ ունեցող այցելուների հետ տարվող աշխատանքներին:
Այդ համատեքստում թանգարանը համագործակցում է Հատուկ կրթության ֆակուլտետի հետ, իսկ 2013թվականի հոկտեմբերի 30-ից «Արի-Արի» հիմնադրամի հետ կնքված պայմանագրի շրջանակներում՝ կույր և թույլ տեսնող անձանց հիմնախնդիրներով զբաղվող լեհական «Արի-Արի» հիմնադրամի հետ: Նպատակն է այս ոլորտում Լեհաստանում ձևավորված հարուստ փորձը փոխանցել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համապատասխան հիմնախնդիրներով զբաղվող կառույցների մասնագետներին:
Մասնագետների խորհուրդով թանգարանը համագործակցում է նաև Երևանի № 14 հատուկ դպրոցի հետ. դպրոցի մասնագետների աջակցությամբ թանգարանում տեղադրվել են բրայլյան տարբերակով տպագրված անոտացիոն տեքստեր, վահանակներ:
Տարբեր տարիքի և պատկերացումներով մարդիկ կարող են գտնել իրենց նախասիրություններին համապատասխան հետաքրքրություններ, քանի որ համալսարանի թանգարանն ակտիվ գործող կրթամշակութային կենտրոն է, որն իրականացնում է տարաբնույթ ծրագրեր ու միջոցառումներ տարբեր տարիքի լսարանների համար, ակտիվորեն համագործակցում նման գործունեություն ծավալող մի շարք հաստատությունների հետ: