ՀՊՄՀ Պատմության թանգարան
ՀՊՄՀ Պատմության թանգարանը հիմնադրվել է 2004 թվականին։ Այն գործում է համալսարանի խորհրդի հովանու ներքո՝ ռեկտորի նախագահությամբ, իսկ գիտամեթոդական ղեկավարումն իրականացնում է ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնը:
Թանգարանի ներկայիս ցուցադրությունը բացվել է 2012 թվականին՝ համալսարանի 90-ամյակի առթիվ։
Թանգարանը նորարարական քայլեր է ձեռնարկել` դառնալով առաջինը Հայաստանում, որը IZI Travel միջազգային հարթակի աջակցությամբ գործարկել է աուդիոգիդ ծրագիր։
Այցելուները կարող են վիրտուալ շրջագայություն կատարել կամ լսել ցուցադրությունը հայերեն և անգլերեն, ինչպես նաև օգտվել սուրդոթարգմանությունից։ Տեսողական խմդիրներ ունեցող այցելուների համար թանգարանն ունի բրայլյան գրով բացատրագրեր։
Վիրտուալ տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ։
Թանգարանը պարբերաբար կազմակերպում է ժամանակավոր ցուցադրություններ՝ ներկայացնելով հետաքրքիր նյութեր բուհի թանգարանի և հանրապետության այլ թանգարանների ֆոնդերի նյութերի հիման վրա։
ՀՊՄՀ-ի թանգարանն այսօր կրթամշակութային կենտրոն է․ կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ, միջազգային և հանրապետական գիտաժողովներ, դասընթաց-վարժանքներ, տարբեր տարիքային խմբերի համար կրթական ծրագրեր և դասախոսություններ, հրատարակում ուսումնական ձեռնարկներ, ապահովում ուսանողներին տեղեկատվական նյութերով, պարբերաբար անդրադառնում թանգարանի և դպրոցի համագործակցության խնդիրներին։
2026 թվականին համալսարանը, ի դեմս բուհի պատմության թանգարանի, դարձավ թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) ինստիտուցիոնալ անդամ:
Թանգարանը շարունակում է ընդլայնել համագործակցությունը կրթական և մշակութային հաստատությունների, թանգարանագիտական միջազգային կազմակերպությունների, ասոցիացիաների և թանգարանների հետ՝ խթանելով ուսանողների, հետազոտողների և այցելուների հետաքրքրությունը համալսարանի պատմության և հայկական մշակույթի հանդեպ։