Ընդլայնված նիստ՝ Գեղարվեստական կրթության ֆակուլտետում
01.12.2025
Բուհի ղեկավար կազմն ու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն այսօր ներկա գտնվեցին նաև Գեղարվեստական կրթության ֆակուլտետի խորհրդի ընդլայնված նիստին։
Լիլիթ Մկրտչյանն իր պաշտոնավարման առաջին ամիսը համարում է հետազոտման շրջան․ծանոթանում է բուհի օղակների թույլ և ուժեղ կողմերին, ռեսուրսներին, որոնց վրա պետք է հենվեն, կառուցեն, հաջողեն և առաջ գնան։ Նա հույս հայտնեց, որ միասին կպլանավորեն 2026-2030 թվականների բուհի զարգացման ռազմավարական ծրագիրը, որտեղ յուրաքաչյուր ֆակուլտետ կունենա իր դերը, անելիքը, զարգացման միտումները։
Լիլիթ Մկրտչյանն այդ առումով կարևորեց թափանցիկ գործելաոճը, պատասխանատու մոտեցումն ու կարգապահությունը։
Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը խորհրդի նիստում հաշվետվությամբ հանդես եկավ՝ ներկայացելով ընթացիկ տարում ֆակուլտետի գործունեությունը։
Նա նշեց, որ կառույցը շարունակել է իր առաքելությունը՝ զարգացնել մասնագիտական միջավայրն ու ուսուցման բարձր մակարդակը, ամրապնդել համագործակցությունը տեղական և միջազգային կրթամշակութային հարթակներում, նպաստել երիտասարդ մանկավարժների պատրաստմանը:
Արա Հակոբյանը ներկայացրեց ամբիոնների պլանավորված և իրականացրած գիտական, մանկավարժական և համագործակցային նախագծերն ու միջոցառումները, ընդգծելով՝ ապահովել են բոլոր ուսումնական ծրագրերի լիարժեք իրականացումը։
«Հետամուտ լինելով կրթական ծրագրերի վերջնարդյունքների ապահովմանը՝ ֆակուլտետում պարբերաբար իրականացվել են նոր ժամանակակից մեթոդների կիրառմամբ բաց-դաս դասախոսություններ, փոխադարձ դասալսումներ, ինչպես նաև մասնակցություն նոր կրթական մոդուլներին նվիրված վերապատրաստումներին»,-նշեց Արա Հակոբյանն ու ներկայացրեց կառույցի կատարած այլ աշխատանքներ ևս։
Արա Հակոբյանն ընդգծեց՝ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսումնական աշխատանքների ծավալը կրել է որակական բարելավումներ՝ համահունչ բուհի որակի ապահովման քաղաքականությանը։
Ֆակուլտետի ղեկավարը հանդես եկավ նաև առաջարկներով՝ կազմակերպել առարկայական մասնագիտական վերապատրաստումներ, այդ թվում՝ ‹‹Արվեստ›› առարկայից, շարունակել համագործակցության շրջանակների ընդլայնումը, դրամաշնորհային ծրագրերի մշակումն ու դրանց ներկայացումը տեղական և միջազգային մրցույթների և այլն։
Նյութատեխնիկական բազայի վերազինում մասնագիտական բարձրագույն կրթության ժամանակակից մարտահրավերներին համահունչ, միջազգային համագործակցության ընդլայնում, արվեստի գծով մասնագիտությունների դեպքում մանկավարժի որակավորում և այլն։
Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը կրթության մեջ առաջնային գործոններից մեկը կրթական միջավայրն է համարում․այն կարևոր ու բազմազան է Գեղարվեստական կրթության ֆակուլտետում, ինչն առավել գրավիչ է դարձնում ուսումնառությունը։
Լիլիթ Մկրտչյանը կարևորեց ֆակուլտետի նոր՝ «Արհեստ–արվեստ» մասնագիտությունը, որը սահմանված է հանրակրթության նոր չափորոշչով և նշեց՝ աշխարհն այսօր գիտության զարգացման գործում կարևորում է արվեստի բաղադրիչը, ինչի շնորհիվ ձևավորվում է մարդու, քաղաքացու արժեհամակարգային տիրույթը։
Այդ առումով նա կարևորեց Մանկավարժականի դերը՝ գաղափարն արարելուց մինչև խնդրի լուծում և հույս հայտնեց, որ համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքի։