«Գլուխ գլխի»․ մասնագիտական երկխոսություն Մանկավարժականում
09.04.2026
Մանկավարժական համալսարանում շարունակվում է ՀՊՄՀ-ի և ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ ստեղծված «Գլուխ գլխի» խորագրով հարթակի հանդիպումների շարքը։
Միասնական հարթակի նպատակն է միավորել կրթության ոլորտի մասնագետներին՝ համատեղ մտածելու, քննարկելու և զարգանալու, ապահովելու տնօրենների և մանկավարժների մասնագիտական երկխոսությունը, փորձի փոխանակումն ու կրթական նորարարությունների տարածումը։
Հանդիպումը ներկայացուցչական էր․ քննարկմանը մասնակցում էին ԿԳՄՍ նախարարության, ՀՄԿ-ի, «Դասավանդիր հանուն Հայաստանի»-ի, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ներկայացուցիչներ, Երևանի և հանրապետության մարզերի տարբեր դպրոցների տնօրեններ։
ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը նախաձեռնությունը կարևորեց կրթության շարունակականության առումով՝ ընդգծելով, որ հաջողված փորձի փոխանակումը, շահառուների կարիքների վերհանումը, խնդիրների քարտեզագրումն ու բազմաբևեռ տեսանկյունից դրանց ներկայացումը կնպաստի գաղափարի արդյունավետ իրականացմանը։
Մեկ գործող տնօրեն՝ իր հաջողված պատմությամբ և մեկ փորձագետ․այս անգամ բանախոսները Ոսկեհատի միջնակարգ դպրոց տնօրեն Սյուզաննա Շմավոնյանն ու ՀՊՄՀ Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանն էին։
Թեման՝ Գերազանցության մշակույթն էր դպրոցում և դրա կարողունակությունը։
Ինչպե՞ս ձևավորել միջավայր, որտեղ գերազանցությունը դառնում է արժեք, վարքագիծ և ապրելակերպ հարցադրմամբ մեկնարկած հանդիպմանը Սյուզաննա Շմավոնյանը խոսեց գերազանցության մշակույթի, դրա կարևորության, հիմնարար սկզբունքների, գործիքների և մեխանիզմների, դպրոցում՝ տնօրենի դերի մասին։
Գերազանցության մշակույթի և կարողունակության մասին էլ ներկայացրեց Տիգրան Միքայելյանը։ Նա անդրադարձավ գերազանցության հիմքերին, դրա մշակույթին՝ տեսլական և կողմոնորշիչներ, գործիքներ, նպատակ։
Կրթության ոլորտի ներկայացուցիչները կարևորեցին նախաձեռնությունը,հնչեցին կարծիքներ․ ծավալվեց քննարկում, եղավ հարց ու պատասխան։
ԿԳՄՍ նախարարության հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը ողջունեց համատեղ նախաձեռնությունն ու ընդգծեց՝ կրթությունը սերտորեն կապված է Մանկավարժական բուհի հետ․ ներկայիս բարեփոխումները, վերջնարդյունքները պետք է պայամանավորված լինեն այս բուհի գործունեությամբ, արդյունքներով։
Վերջին հրապարակումներ
-
10.04.2026Գիտության հետ միասին՝ դեպի առողջություն
-
10.04.2026Մասնակցեցին միջազգային առցանց գիտաժողովի