ՀՊՄՀ-ում ամփոփվեց վերապատրաստման դասընթացը

08.06.2026
ՀՊՄՀ-ում ամփոփվեց վերապատրաստման դասընթացը

Այսօր Մանկավարժական համալսարանում ամփոփվեց դասախոսական կազմի փափուկ հմտությունների զարգացմանը միտված հնգամոդուլ վերապատրաստման դասընթացը։

Եռամսյա ծրագիրն իրականացվել է «ԷԿՍԵՈ» հիմնադրամի, ՀՊՄՀ-ի և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի միջև կնքված համագործակցության եռակողմ հուշագրի շրջանակում։

Ծրագրի ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին նոր գիտելիքներ և գործնական հմտություններ՝ փոփոխությունների էության և տեսակների, հուզական բանականության ու նյարդաբանության հիմունքների, ստեղծարար մտածողության գործիքների, ինչպես նաև ժամանակակից կրթական մեթոդների վերաբերյալ։

ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը կարևորեց ծրագրի իրականացումը՝ ընդգծելով, որ 21-րդ դարի մարդը պետք է մշտապես սովորի, բացահայտի, հասկանա աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն ու նորարարությունները, ինչպես նաև կիսի և հարստացնի իր մասնագիտական փորձառությունը։

Նա բարձր գնահատեց ծրագրի վերաբերյալ ստացված հետադարձ կապը՝ այն դիտարկելով որպես դրական, արդյունավետ, նպատակային և ոգեշնչող։ Լիլիթ Մկրտչյանը վստահություն հայտնեց, որ դասընթացի արդյունքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կծառայեն սովորողների կարողությունների զարգացմանը, կրթական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը և դասավանդման որակի բարձրացմանը։

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը նաև հույս հայտնեց, որ ձևավորված համագործակցությունը կլինի շարունակական՝ այլ նախաձեռնությունների և փոխգործակցության ձևաչափերով։

«Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Լիանա Բադալյանը կարևորեց ծրագրի մասնակիցների դերակատարումը՝ որպես գիտակից, պատասխանատու և ակտիվ քաղաքացիներ կրթող մասնագետների։ Նրա խոսքով՝ վաղվա սերունդը կարիք ունի բաց մտածողությամբ, արդյունավետ և առաջադեմ դասավանդողների, ինչպիսին հենց ծրագրի մասնակիցներն են։

«ԷԿՍԵՈ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինա Ծատուրյանը նկատում է՝ դասընթացի ամեն հանդիպում իրեն ևս հարստացրել է նոր գիտելիքներով։

Դասընթացավարների գնահատմամբ՝ ծրագիրը նպաստել է մասնակիցների մասնագիտական և անձնային զարգացմանը՝ ձևավորելով մարդակենտրոն և համագործակցային միջավայր ստեղծելու մշակույթ, ամրապնդելով էմպատիան և հուզական ընկալունակությունը, խթանելով աճի մտածելակերպն ու շարունակական ինքնազարգացումը։ Միաժամանակ այն նպաստել է նորարարության և փորձարարության նկատմամբ բաց վերաբերմունքի, սխալներից սովորելու կարողության և փոփոխվող միջավայրում ճկուն գործելու հմտությունների զարգացմանը, հնարավորության, որ շարունակական է լինելու։

Քրիստինա Ծատուրյանն իր խոսքում նկատեց՝ փափուկ հմտությունների դերը մեզանում հաճախ է անտեսվում, այնինչ 21-րդ դարում այն կարևորագույն հմտություն է․ ի վերջո, գիտելիքը մշտապես գտնվում է զարգացման մեջ է, և եթե ճկուն ենք, ապա հնարավոր է դառնում այն առավելագույնս իրացնել:


Մասնակիցները ևս կիսվեցին դասընթացի վերաբերյալ իրենց տպավորություններով՝ ընդգծելով դրա արդյունավետությունն ու գործնական նշանակությունը։ Նրանք հատկապես կարևորեցին ծրագրի ձևաչափը՝ նշելով, որ կրթության ոլորտում շարունակաբար փոփոխվող պահանջները մասնագետների մոտ առաջացնում են նոր հմտությունների և մոտեցումների կարիք, իսկ դասընթացին ձեռք բերած գիտելիքները կիրառելի են իրենց ամենօրյա մասնագիտական գործունեության մեջ:

Ծրագրի ավարտին հանձնվեցին 2 կրեդիտին համարժեք հավաստագրեր՝ ամփոփելով եռամսյա ուսումնառության արդյունքները։