Սիրինե Շողերյանը մասնակցեց փորձագիտական խմբի  աշխատաժողովին

09.06.2026
Սիրինե Շողերյանը մասնակցեց փորձագիտական խմբի  աշխատաժողովին

ՀՊՄՀ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Սիրինե Շողերյանը  Մոնրեալում  մասնակցեց ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի Կենսաբազմազանության Կոնվենցիայի քարտուղարությունում կայացած հատուկ տեխնիկական փորձագիտական ​խմբի աշխատաժողովին, որին մասնակցում էր  աշխարհի տարբեր տարածաշրջաններից 30 փորձագետ։

 

COP 17-ին ընդառաջ  կայացած  աշխատաժողովում  քննարկվեց և հաստատվեց Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի և Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման համար սինթետիկ կենսաբանության համատեքստում կարողությունների զարգացման,  տեխնոլոգիաների հասանելիության և փոխանցման, ինչպես նաև գիտելիքների փոխանակմանն աջակցելու թեմատիկ գործողությունների ծրագրի նախագիծը։

 

Ինչպես նշեց Սիրինե Շողերյանը՝ COP16-ի 16/21 որոշմամբ՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովը պետք է մշակի թեմատիկ գործողությունների ծրագիր, որը կաջակցի կարողությունների զարգացմանը, տեխնոլոգիաների հասանելիությանն ու փոխանցմանը, ինչպես նաև գիտելիքների փոխանակմանը սինթետիկ կենսաբանության համատեքստում։

 

Նրա դիտարկմամբ՝ այն միտված է Կոնվենցիայի և Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի երեք նպատակների իրականացմանը՝ համապատասխան կարողությունների զարգացման և երկարաժամկետ ռազմավարական շրջանակին։

 

Սիրինե Շողերյանը նշեց նաև, որ նույն որոշմամբ կողմերի համաժողովը ստեղծեց նոր Ad Hoc տեխնիկական փորձագիտական խումբ, որը, ի թիվս այլ խնդիրների, պետք է բացահայտի սինթետիկ կենսաբանության պոտենցիալ օգուտներն ու  սինթետիկ կենսաբանության վերջին տեխնոլոգիական զարգացումների դրական և բացասական ազդեցությունները։  Հաշվի առնելով սինթետիկ կենսաբանության ապագա զարգացումները՝  խորհրդատվություն կտրամադրի սինթետիկ կենսաբանության ոլորտում կարողությունների զարգացման, տեխնոլոգիաների հասանելիության և փոխանցման, ինչպես նաև գիտելիքների փոխանակման եղանակների վերաբերյալ՝ հաստատելով թեմատիկ գործողությունների ծրագրի նախագիծը: