Կայքը փորձարկման փուլում է։

Գիտական խորհրդի նիստ

14.11.2025
Գիտական խորհրդի նիստ

Մանկավարժական համալսարանում կայացավ Գիտական խորհրդի նիստը․ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը, որն առաջին անգամ էր նախագահում նիստը, շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ մինչ այս կատարած աշխատանքի համար։

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն ընդգծեց՝ կարևորում է Գիտական խորհրդի գործունեությունը, դերը, կարծում է, որ սա այն միջավյարն է, որտեղ ծնվում են մտքեր, գաղափարներ, կայացվում որոշումներ՝ ի նպաստ բուհի։

Լիլիթ Մկրտչյանը կարևորեց ներկաներից յուրաքանյուրի կատարած աշխատանքը և հույս հայտնեց, որ Մանկավարժական բուհը, լինելով ներկա և ապագա սերնդի դաստիարակող, ուսուցիչ կրթող, այսուհետ ևս կպահպանի համագործակցային միջավայրը՝ իր որոշումներով նպաստելով կառույցի գիտակրթական մտքի զարգացմանը։

Նիստի օրակարգային 1-ին հարցը Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչի ընտրությունն էր։ Առաջադրված միակ թեկնածուն ամբիոնի վարիչի պաշտոնակատար Ռիտա Գևորգյանն էր։ Վերջինիս աշխատանքային և գիտական գործունեությունը ներկայացրեց Բնագիտական մասնագիտությունների գծով հանձնաժողովի անդամ Արթուր Թադևոսյանը։
Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ռիտա Գևորգյանն էլ ներկայացրեց ամբիոնի առաքելությունը, նպատակային գործընթացները, գիտահետազոտական գործունեությունը, կրթական ծրագրերը, գիտական ուղղվածությունը, ռազմավարական ուղենիշներն ու նպատակները, կառավարման բարելավմանը միտված գործընթացները, համագործակցությունները, պաշտոնավարման նոր ժամանակաշրջանում անելիքները։

Փակ գաղտնի քվեարկության արդյունքում՝ Ռիտա Գևորգյանը կշարունակի պաշտոնավարել ամբիոնի վարիչի պաշտոնում։

Գիտական քարտուղար և ՀՊՄՀ պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը նիստում ներկայացրեց օրակարգի հաջորդ հարցը՝ գիտական կոչումների հավակնող թեկնածուներին։ Փակ քվեարկության արդյունքում՝ Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների թեկնած Լիլիթ Կարապետյանն ու Կերպարվեստի ամբիոնի դասախոս Նաիրա Մխիթարյանն ընտրվեցին դոցենտի պաշտոններում։

2026-2027 ուս. տարվա ընդունելության (բակալավրի և մագիստրատուրայի առկա/հեռակա և նախապատրաստականի), մասնագիտությունների և ուսման վարձերի մասին հարցը Գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը։

Պրոռեկտորը նկատեց, որ կրթության բոլոր ձևերում ընթացիկ տարում բուհը, նախորդ տարիների համեմատ, աճ է գրանցել՝ 1500 շրջանավարտ և 1958 ընդունված ուսանող։

Նա խորհրդի անդամներին տեղեկացրեց՝ բուհում վարձավճարների փոփոխություն չի սպասվում։ Մագիստրոսական կրթական ծրագրում ներառվել է «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ» մասնագիտությունը, իսկ «Պատմություն» մասնագիտությամբ դիմորդներն այսուհետ կհանձնեն քննություն նաև այլ առարկայից. դա հնարավորություն կտա այլ բուհերի դիմորդներին ընդունվել  Մանկավարժական՝ համանման այլ մասնագիտությունների գծով։

Նաիրա Սաֆարյանը կարևորեց նաև լիազոր մարմնի մեկ այլ որոշում՝ ըստ որի բուհի ԲՏՃՄ մասնագիտությամբ հեռակա բակալավրիատի դիմորդներին հնարավորություն է տրվում հանձնել ընդունելության մեկ քննություն։

Ընթացիկ հարցերում Գիտական խորհուրդը հաստատեց ներկայացված 5 ատենախոսությունների թեմաներ, ինչպես նաև հրատարակման երաշխավորեց Ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Նաիրա Սաֆարյանի՝ «Ավագ դպրոցի կառավարման համակարգի զարգացման ուղիները» ուսումնամեթոդական ձեռնարկն ու Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Քնարիկ Աբրահամյանի՝ «Գրական ազդեցությունների խնդիրները արևմտահայ նամակագրության մեջ» գիրքը։

Արդեն ընդունված ավանդույթի համաձայն՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը շնորհավորեց նաև ամսվա հոբելյարներին։