- Ռեկտոր > Ընդհանուր հարցերով պրոռեկտոր > Լրատվության և հանրության հետ կապերի կենտրոն >
Լրատվության և հանրության հետ կապերի կենտրոն
Լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը ստեղծվել է 2011 թվականին, իսկ 2023 թվականից վերանվանվել Լրատվության և հանրության հետ կապերի կենտրոն։
Կենտրոնի նպատակն է՝ տեղեկացնել, իրազեկել, քարոզել․ կազմակերպել և իրականացնել Համալսարանի տեղեկատվական և քարոզչական քաղաքականությունը՝ հնարավոր տարբեր միջոցներով, բուհի ռեկտորի, ստորաբաժանումների, այլ պաշտոնատար անձանց գործունեության վերաբերյալ իրազեկել հասարակայնությանը` համալսարանի թերթի, կայքի, ռադիոյի, հեռուստահաղորդումների, առհասարակ ռադիո-հեռուստատեսային հեռարձակումների միջոցով,հասարակական միավորումների և այլ կազմակերպությունների հետ ապահովել համագործակցություն։
Կենտրոնի կազմում գործում է «Մանկավարժական համալսարան» պաշտոնաթերթը: 2013 թվականի մարտ ամսից թերթը լույս է տեսնում ամիսը երկու անգամ՝ անդրադառնալով համալսարանի գործունեությանը, բարձրագույն կրթական համակարգի խնդիրներին` դառնալով բուհի պատմությունն ու տարեգրությունը: 2015 թվականին թերթը դարձավ 50 տարեկան: Իսկ 2023 թվականից «Մանկավարժական համալսարան» պաշտոնաթերթը հասանելի է միայն էլեկտրոնային եղանակով։
Մանկավարժական համալսարանի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի է բուհի պաշտոնական եռալեզու կայքում՝ www.aspu.am։ 2011 թվականից՝ ստեղծման օրից, այն շարունակում է մնալ տեղեկատվության համախմբման միջոց՝ բուհի, նրա հետ առնչվող այլ կառույցների և վերջիններիս կայքերի համար:
Այստեղ տեղադրվում են համալսարանում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնող նյութեր, հոդվածներ, ռեպորտաժներ, ռիլեր: Կայքում կարելի է գտնել համալսարանի կառուցվածքի, գիտաուսումնական գործընթացի, ուսումնական և միջազգային ծրագրերի, պրակտիկայի, շրջանավարտների, նրանց հաջողության պատմությունների, ինչպես նաև ուսանողների և դասավանդող մասնագետների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն: Կայքն ունի իր պաշտոնական էջերը սոցիալական ցանցերում:
Կենտրոնի կազմը 2013-ի նոյեմբերի 1-ից համալրեց ռադիո «Ֆամա»-ն՝ www.radiofama.am: Հայաստանում նախադեպը չունեցող 24 ժամյա հեռարձակմամբ Առաջին համալսարանական ռադիոն ծանոթացնում է նախ համալսարանական լուրերին, ապա նաև ուսանողական և երիտասարդության, մշակութային ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում կատարվող իրադարձություններին ու նորություններին:
Ռադիո Ֆաման իր ձևի մեջ հանրապետությունում եզակի հարթակ է, որը պրակտիկ գործունեության արդյունավետ միջոց է և ցատկահարթակ լրագրության բաժնի ուսանողների համար։ Ռադիոյի բոլոր հաղորդումների հեղինակները ուսանողներն են։ Կրթական արդյունավետությունը Ռադիո Ֆամայի ամենաուժեղ կողմն է։ Ռադիոն՝ գործնական լաբորատորիա է հեռուստառադիոլրագրության բաժնի ուսանողների համար․ օգնում է խոսքի վարպետության դասերին, ապահովում է ուսումնական պրակտիկա, զարգացնում է ինքնավերլուծության կարողություն (սեփական ձայնի լսում, սխալների վերլուծություն), ապահովում է միկրոֆոնային փորձառություն։
Ռադիոն անխափան գործում է արդեն 13 տարի 24/7 ռեժիմով: Օն լայն հեռարձակվող ռադիոյի եթերային հեռարձակման համար տեխնիկական ապահովությունը 100 տոկոսանոց է, բուհի բոլոր մասնաշենքերը հագեցած են ռադիոընդունիչներով և ձայնարկիչներով։
Ռադիո «Ֆամա»-ն համալսարանի շրջանակներից դուրս լսում են մոտ 200 երկրում։
Այն ունի նաև ֆեյսբուքյան էջ ՝ 1543 հետևորդ։
Կենտրոնը նաև զբաղվում է հեռուստաարտադրությամբ. 2016 թվականից Արմնյուզ, իսկ 2019-ից ATV հեռուստաընկերության եթերում ամեն կիրակի՝ ժամը 11.45-ին կարելի է դիտել ՀՊՄՀ Լրատվության և հանրության հետ կապերի կենտրոնի պատրաստած «Հաջողության բանաձև» հաղորդաշարը: 2024 թվականից կենտրոնը սկսեց նկարահանել և գործընկեր հեռուստաընկերություններով հեռարձակել նաև «Սովորեցնում ենք սովորել» հաղորդաշարը։ Այս երկու հաղորդաշարերը բացի ATV-ից, ցուցադրվում են նաև «Ֆրի Նյուզ» հեռուստաընկերությամբ, ինչպես նաև մարզային հեռուստաընկերություններով։ Հանրապետության բուհական համակարգում սա աննախադեպ երևույթ է, որ համալսարանն ունի սեփական եթերաժամանակ հեռուստատեսությունում։
Հաղորդաշարերը, ռիլերը, համալսարանի մասին պատմող ֆիլմերը կարող եք դիտել համալսարանի պաշտոնական յութուբյան էջում՝ Armenian State Pedagogical University (ASPU): Այս էջը բուհական համակարգում բացարձակ առաջատար է՝ բաժանորդների թվով և տեսանյութերի տեղադրման հաճախականությամբ։
Կենտրոնը նպատակ ունի ռադիոյի օրինակով ստեղծել նաև on-line հեռուստատեսություն: Սա, իհարկե, ապագայի հարց է: