ՀՊՄՀ-ն սկսում է «Ընթերցող Հայաստան» հանրապետական կրթամշակութային նախաձեռնությունը

01.10.2026

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը սկսում է «Ընթերցող Հայաստան» հանրապետական ընթերցանության կրթամշակութային նախաձեռնությունը։ Այն մրցույթ չէ։ Այստեղ չկան հաղթողներ։

Մենք ստեղծում ենք մի միջավայր, որտեղ մարդիկ կարդում են, որովհետև ուզում են իմանալ, մտածել, հարցեր տալ, քննարկել և իրենց կարդացածը փոխանցել ուրիշներին։ Մենք ցանկանում ենք, որ գիրքը նորից դառնա մեր առօրյա կյանքի բնական մասը՝ ոչ միայն դպրոցում և համալսարանում, այլև ընտանիքում, համայնքում, ընկերական միջավայրում։

«Ընթերցող Հայաստան»-ին կարող են միանալ Հայաստանի դպրոցները, ուսուցիչները, աշակերտները, բուհերը, ուսանողները, դասախոսները, գրադարանները, համայնքները և կրթամշակութային կազմակերպությունները։

Ծրագրի շրջանակում մեկ տարվա ընթացքում նախատեսվում են՝

  • ընթերցանության ակումբներ,
  • ուսուցիչների մասնագիտական հանդիպումներ,
  • աշակերտական նախաձեռնություններ,
  • բուհական ընթերցանության ակումբներ,
  • «Ընթերցանության դեսպաններ» ծրագիր,
  • համայնքային բաց ընթերցումներ,
  • «Ընթերցանության շաբաթ»,
  • գրքի շուրջ քննարկումներ և ստեղծագործական նախաձեռնություններ։

Յուրաքանչյուր մասնակից կարող է ընտրել իրեն հարմար ձևաչափը։

Մեկնարկը՝ 2026 թ․ հոկտեմբերի 1-ին, մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 31-ը։  

Ծրագրի տևողությունը՝ 2026 թ. հոկտեմբեր – 2027 թ. սեպտեմբեր։

Գրանցումների և ծրագրի հետ կապված հարցերի դեպքում գրել  «Ընթերցող Հայաստան» ծրագրի պաշտոնական էլեկտրոնային հասցեին  yntertsoghhayastan@aspu.am։